«Հրապարակ». «Ես ընդհանրապես ագռավ չեմ, առավել ևս` սպիտակ, մենք բոլորս «սևերն» ենք` հիշեք»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երեկ Դուք դեմ գնացիք ԲՀԿ ֆրակցիայի որոշմանը, չքվեարկեցիք ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի օգտին, որին ֆրակցիան կողմ քվեարկեց, ինչո՞ւ»,- հարցրինք պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ «Ե՛վ հանձնաժողովում, և՛ լիագումար նիստոմ ես հայտնել եմ իմ մոտեցումները, կար մասնագիտական գնահատականի և ոչ թե թիմից տարբերվելու խնդիր։ Տրամաբանական չէր լինի, որ հանձնաժողովում արտահայտվեի օրինագծին դեմ, հետո կողմ քվեարկեի»:
Խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը Ձեզ «խորհուրդ» է տվել կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսանալ և չմասնակցել որոշ օրինագծերի ընդունմանը։ «Պարոն Ծառուկյանն ինձ նման հանձնարարություն չի տվել, հորդոր չի եղել, բոլոր նախագծերին ես քվեարկել եմ այնպես, ինչպես որոշվել է խմբակցությունում, բացի այս մեկից»: Ասել է` Ծառուկյանը թույլ էր տվել։ «Ես հո պարոն Ծառուկյանին ամեն քվեարկությունից առաջ չե՞մ հարցնում` մասնակցե՞մ, թե՞ ոչ, սա խմբակցության և ոչ պարոն Ծառուկյանի խնդիրն է»:
Չե՞ն պատժի։ «Նման բան մեր կուսակցությունում չկա, կա քննարկում, և սա պետք է դիտարկել կուսակցական դեմոկրատիայի դրսևորման շրջանակներում»: Ի դեպ, ԲՀԿ-ն ակտիվ չէ նաև եկեղեցու նկատմամբ` իշխանությունների գրոհի առումով, Դուք էդտեղ է՞լ եք սպիտակ ագռավ։ «Ես ընդհանրապես ագռավ չեմ, առավել ևս` սպիտակ, մենք բոլորս «սևերն» ենք` հիշեք, իսկ եթե ավելի լուրջ, ապա այդ կարծիքը չեմ կիսում՝ մեր կուսակցական ղեկավարը եկեղեցաշեն, եկեղեցապաշտ մարդ է, մենք էլ առանձին հարցազրույցներով քննադատում ենք եկեղեցու առաջնորդի դեմ հնչեցված կարծիքները, ընդ որում՝ ոչ թե անձին, այլ կարևորագույն այդ ինստիտուտը ոտնձգություններից պաշտպանելու տեսանկյունից»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: