Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400 հազար եվրո վարկ վերցնել
«Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400 հազար եվրո վարկ վերցնել՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման համար»,- խորհրդարանում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի հոկտեմբերին ստորագրված վարկային համաձայնագրում ընդգրկված է վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածը։
Ըստ Պապիկյանի, եթե համաձայնագիրը խորհրդարանը վավերացնի, ապա կիրականացվի շուրջ 65 կմ երկարությամբ թվով 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։
«Այս պահին արդեն իսկ մի շարք մրցույթներ հայտարարված են 4 ճանապարհների համար։ Գործող ծրագրով Գեղարքունիքի, Արմավիրի և Սյունիքի մարզերում ընդհանուր 23.1 կմ ճանապարհահատված վերանորոգվել է , իսկ այս ծրագրի շրջանակում կիրականացվի ևս 41.9 կմ ճանապարհի վերանորոգում»,- ասաց Պապիկյանը։
ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հետաքրքրվեց՝ ինչ սկզբունքով են ընտրվում ճանապարհները, որոնք պետք է վերանորոգվեն։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ կոնկրետ այս ծրագրով ընտրությունը կատարվել է բանկի հետ համատեղ։
«Նախարարությունն այս փուլում որևէ միջամտություն չի ունեցել։ Արդեն իսկ նախանշված են եղել այդ ճանապարհների կառուցման նախագծերը։ Բայց կարող եմ հաստատել, որ չի վերանորոգվի կամ վերակառուցի մի ճանապարհ, որը դրա կարիքը չունի։ Իրականում սրանք կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ են»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ-ի և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։