«Այլընտրանքային նախագծեր խումբ». Գազի բազմաթիվ նրբերանգները. Հայաստանը՝ նոր գազային ճգնաժամում
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր հերթական հոդվածում անդրադարձել է գազի թեմային.
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ վերջապես ռուսական «Գազպրոմից» ստացել է իր նամակի պատասխանը։ Իսկ պատասխանն այսպիսին է. «Հարցը պահվում է ուշադրության կենտրոնում»։ Միաժամանակ ասվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։
Նամակային դիվանագիտության լեզվից եթե թարգմանենք՝ «Գազպրոմը» «ցրել է», չի տվել որևէ պարզաբանում և չի ցուցաբերել պատրաստակամություն՝ հարցը քննարկելու։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից նամակ գրելու առիթը եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի գործող սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու փաստը։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։
Սա որևէ կերպ չի կարող անակնկալ համարվել։ Եթե նույնիսկ իշխանությունները հակագազպրոմական PR արշավ սկսեն, մեղադրեն ռուսներին, գազի համակարգին, նախկիններին, ռուս ուղղափառ եկեղեցուն, միևնույն է, այդ ամենը համոզիչ չի լինելու։ Ակնհայտ է, որ գազի մատակարարման շուրջ վերջին երկար ամիսների ընթացքում եղել են և կան թեմաներ, որոնք ՀՀ իշխանությունները թաքցրել են, խուսափել են դրանց շուրջ հասարակության հետ բաց խոսելուց, և հիմա ահա կանգնել են փաստի առաջ։ Հասկանալու համար ստեղծված իրավիճակի պատճառները՝ կարիք կա մի փոքր էքսկուրսի։
2018թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ սահմանին գազի գինը փոփոխվեց՝ 150-ից դառնալով 165 դոլար՝ 1000մ3-ի համար, սակայն սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնաց անփոփոխ՝ միջինը 227 դոլար (ներսում հաշվարկը կատարվում է դրամով, հստակ բանաձևով)։
2017թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018-2020թթ. ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 32.4 մլրդ դրամ (առանց ԱԱՀ), որից փաստացի ներդրումները 2018 և 2019 թվականներին կազմել էին համապատասխանաբար շուրջ 3.4 և 1.3 մլրդ դրամ։ Սակագնի՝ սպառողի համար անփոփոխ մնալու հետևանքով առաջացած վնասը փոխհատուցվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի հետաձգման և այլ ծախսերի կրճատման հաշվին, որը կազմել է 15.6 մլրդ դրամ։
2020թ. լրացուցիչ տնտեսումների նպատակով նախատեսվում է փուլային տարբերակով ընկերությունում կատարել կրճատումներ. առաջին փուլով նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակցի։
2016թ-ից գազի սպառման ծավալներն աճել են 1.76 մլրդ մ3-ից դառնալով 2.07մլրդ մ3 2019թ-ին, իսկ 2017-2018թթ. չստացված հասույթը, ըստ «Գազպրոմ Արմենիայի», փոխհատուցել է «Գազպրոմ» ՀԲԸ-ն։ 2019թ. համար «Գազպրոմ» ՀԲԸ-ն չի փոխհատուցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ չստացված հասույթը, և այն փոխհատուցվել է միայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներքին ռեսուրսների ու ներդրումների կրճատման հաշվին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀԾԿՀ ներկայացված հայտի հիմնավորումը կայանում է նրանում, որ ստեղծման պահից սկսած ՀՀ ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագները կրել են ընդգծված սոցիալական ուղղվածություն, և այդ պայմաններում ընկերությունը հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ ծավալով աշխատանքներ իրականացնել՝ հիմնական միջոցների արդիականացման և նորացման ուղղությամբ։ Ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեման, որի համաձայն՝ առաջիկա 10-11 տարիների ընթացքում ՀՀ գազամատակարարման համակարգում պետք է իրականացվեն խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող լայնածավալ միջոցառումներ, որոնց հետաձգումը գազամատակարարման անխափանության և անվտանգության տեսանկյունից այլևս անթույլատրելի է։
Գազ և Ինտեգրացիա
Գազի գնի փոփոխությունը խնդիրներ է առաջացնում ԵԱՏՄ բոլոր երկրներում։ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, սակայն անդամ երկրներում գազի սակագինը տարբեր է, ինչն անհավասար տնտեսական մրցակցության պայմաններ է ստեղծում արտադրողների համար։ Սա իսկապես լուրջ խնդիր է արտահանող կազմակերպությունների ապրանքների իրացվելիության համար։ Ղրղզստանում բնակչության և իրավաբանական անձանց համար գազի միջին սակագինը 208 դոլար է 1000մ3 համար: Բելառուսում սուբսիդավորման արդյունքում միջին սակագինը տատանվում է 112 դոլարի շրջակայքում՝ այն դեպքում, երբ գազը սահմանին գնվում է 127 դոլարով (այժմ բանակցություններ են ընթանում գինը մինչև152 դոլար բարձրացնելու շուրջ)։ Ղազախստանում միջին սակագինը 49 դոլար է, սակայն պետք է հաշվի առնել, որ Ղազախստանը տիրապետում է ներքին գազային ռեսուրսների։ Ռուսաստանում խիստ միջինացված սակագինը 70 դոլար է և, կախված շրջանից, սակագները տարբեր չափով սուբսիդավորվում են։ Այսինքն՝ գազ ներկրող երկրներից գազի ամենաթանկ գինն ունի Հայաստանը, ինչն առանցքային խնդիր է տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի հարցում։ Հասկանալիորեն՝ սա չի կարող չազդել ԵԱՏՄ երկրներում տեղական արտադրանքի մրցունակության վրա, իսկ սակագնի վերաբերյալ անընդհատ ձգձգվող քննարկումները խանգարում են, որ բիզնեսը գոնե մեկ տարվա կտրվածքով կարողանա կանխատեսել իր հնարավոր ծախսերը։
Գազի գնի փոփոխության բանակցություններում հայկական կողմի առաջնային նպատակներից պետք է լինի նաև գազի արժեքի վճարման արժույթի փոփոխությունը՝ ռուսական ազգային արժույթով։ Հասկանալի է, որ վերջին տարիներին ռուսական ռուբլու կայունությունն ապահովելու համար Ռուսաստանին հենց դոլարային արժույթ է հարկավոր, և սա բարդացնում է գազի հարցում նման փոփոխության հասնելու գործընթացը, սակայն երկարաժամկետ կտրվածքով հուսալիության և դոլարից անկախ լինելու նախադրյալներ ստեղծելու համար կարևորագույն միջոց է։ Անհրաժեշտ է ստեղծել այն միջավայրը, երբ, անկախ դրամի և ռուբլու՝ դոլարի նկատմամբ ունեցած հարաբերակցությունից, գազի համար կվճարվի ազգային արժույթով, և դոլարի հետ կապված տնտեսական վայրիվերումների ազդեցությունն էականորեն նվազեցված լինի։
Կա նաև տեսակետ, որ Հայաստանին անհրաժեշտ է գազի սակագնի հարցում բանակցել՝ հաշվի առնելով Եվրոպայում գործող սփոթային գները, որոնք այս պահին բավական մեծ անկում ունեն՝ 80-90 դոլար՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց։ Այս տեսակետը առավել քան ռազմավարական չէ, քանի որ շատ պարզ կերպով, երբ տնտեսական ճգնաժամն անցնի, սփոթային գներն արագ կվերադառնան նախաճգնաժամային մակարդակին (եթե ոչ՝ ավելի բարձր մակարդակի)՝ մոտ 220 դոլար, և Հայաստանն արդեն հնարավորություն չի ունենա նույնիսկ ներկայիս 165 դոլար սակագինն ունենալու։
Գազ և պոպուլիզմ
Տարիներ շարունակ, հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից, ընդդիմադիր Փաշինյանի կողմից բարձրացվում էր հարցը, թե ինչու է սահմանին գազը գնվում 150 դոլարով, իսկ վերջնական սպառողին վաճառվում 230-240-ով։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ վերջին երկու տարվա ընթացքում ներկայիս իշխանությունները, ունենալով բոլոր լծակները, չեն լուծում կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրը։
Գազ և քաղաքականություն
Ակնհայտ է, որ գազն ունի նաև քաղաքական տեսանկյուն։ Սա միայն Հայաստանի պահով չէ։ Գազպրոմի պատասխան նամակը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին իրականում մեծ զավեշտ ունի իր մեջ։ Խնդիրն այն է, որ ՌԴ քաղաքական իշխանությունը նախագահի կամ վարչապետի մակարդակով գազի թեմայով տարաձայնությունների դեպքում սովորաբար կիրառում է նույն քայլը՝ հակառակ ուղղությամբ՝ ասելով, թե՝ գնացեք, քննարկեք «Գազպրոմի» հետ և գտեք լուծում։ Իսկ երբ այդպես է անում «Գազպրոմը», նշանակում է՝ ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում՝ ոչ միայն գազի մակարդակով, այլև՝ հայ-ռուսական հարաբերությունների ընդհանրապես։ Բավական երկար ժամանակ է՝ հայ-ռուսական հարաբերությունները սահմանափակվում են Միշուստինի մակարդակով։ Սա չնկատել հնարավոր չէ։ Ռուսաստանի հետ հարաբերություններում մակարդակի նման նշաձողը ենթադրում է նվազագույնը երկու բան. վստահության անկում և որոշումների կայացման ձգձգում։
Պատասխան նամակի՝ այդքան երկար ժամանակում տեղ հասնելը և այդքան անորոշ լինելը որոշումների կայացման ձգձգման ամենախոսուն փաստն է։ Ինչ վերաբերում է վստահության մակարդակին, ապա առանց դրա հնարավոր չի լինի շահեկան քաղաքական որոշում ստանալը, և հարցը կմնա տնտեսվարողների և շուկայական որոշումների տիրույթում։
Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության անկման պրոցեսը երկար ամիսների նախապատմություն ունի։ Սկսած անձնական խնդիրներից (Քոչարյան), ինստիտուցիոնալ խնդիրներից՝ ՀԱՊԿ (Խաչատուրով), հակառուսական շրջանակների ակտիվացում և պետական օժանդակություն ՀՀ-ում, անհասկանալի քաղաքական հայտարարություններ, արևմտյան կենտրոններից ուղղորդվող ներքաղաքական օրակարգ և այլն։
Գազ և հակաճգնաժամ
Գազի գինը, ամբողջ շղթան՝ գազ, էլեկտրաէներգիայի արտադրություն, սպառում, արտակարգ դրությունից հետո ունենալու է կարևոր նշանակություն տնտեսության վերականգնման համար և պայմանավորելու է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Եթե այս ուղղությամբ այս պահին չձեռնարկվեն արդյունավետ հաշվարկված քայլեր, հետհամաճարակային իրավիճակում տնտեսական իրավիճակն է՛լ ավելի կբարդանա, և հասարակությունը սոցիալական նոր խնդիրների առջև կկանգնի։ Գազի գինը համակարգաստեղծ խնդիր է, և պահանջում է լուծումներ՝ երկարաժամկետ հեռանկարի համար։
Հայաստանը պետք է ամեն կերպ փորձի ընդունելի լուծում գտնել։ Սա այն դեպքը չէ, երբ տապալումը հնարավոր կլինի բարդել նախկինների վրա։ Կամ կարողանում ես լուծում բերել, կամ ոչ։ Ի դեպ, լուծումներ գտնելու պրոցեսում պետք է լսել այն մարդկանց, ովքեր կարող են օգտակար լինել։ Պետք է դիմել նրանց փորձին, կապերին և այլն, օրինակ՝ Կարեն Կարապետյան, Վարդան Հարությունյան։ Երբ նյութն արդեն պատրաստ էր, մամուլում լուր տարածվեց, թե հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի նաև Տիգրան Սարգսյանի դեմ, որին ընդամենը ամիսներ առաջ ՌԴ նախագահ Պուտինը շնորհել էր բարձրագույն պետական պարգև՝ «Բարեկամության» շքանշան։
Գազի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաներից մեկն է՝ անվտանգության, ռազմական համագործակցության, տարածաշրջանային կայունության, ֆինանսական հոսքերի, զենքի անխափան մատակարարման և այլ հարցերի կողքին։ Գազի շուրջ ստեղծված անորոշությունը, ցավոք, անուղղակիորեն կարող է խոսել նաև մյուս հարցերում
հնարավոր խնդիրների մասին։ Նամակ գրելը, իհարկե, լավ է, բայց հարցերի լուծման բանալին լրիվ այլ ժանրում է՝ լուրջ պետական քաղաքականության»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ փուլում են գազի գնի բանակցությունները
- Փետրվարին մինչև 30 հազար դրամի գազ, և մինչև 10 հազար դրամի էլ.էներգիա սպառած բաժանորդների գումարի 30 տոկոսը կտրամադրվի բյուջեից
- Լուկաշենկո. Նման կտրուկ փոփոխության պայմաններում գազի գինը պետք է ավելի հարմարվողական լինի
- Կես միլիոն սպառողներից 20 հազար ընտանիք է, որ 10 հազար դրամից քիչ գազ է ծախսել. Մարուքյան
- ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի, սակագնի և շրջանառության մասով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան