Կաթողիկոսը ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները. Միրզոյան
«Պետությունը և եկեղեցին անջատ են, և պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կոչին։
Այնուամենայնիվ, Միրզոյանը շեշտեց, որ կաթողիկոսը ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները։
ԱԺ նախագահը նշեց, որ հայտարարության վերաբերյալ ասելիք և վերաբերմունք կա, սակայն ինքն այս պահին նպատակահարմար չի համարում այն բարձրաձայնելը։
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպելո՞ւ են կաթողիկոսին, Միրզոյանը պատասխանեց՝ այդ մասին տեղեկություն չունի։
Դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, արդյո՞ք ամբողջապես լույս կսփռվի 2016-ի ապրիլի իրադարձությունների վրա, Միրզոյանն արձագանքեց՝ ես գիտեմ, որ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում և բոլոր փաստերի մեջ խորանում է այնքան, որքան հնարավոր է։
«Բնականաբար, ընդհանուր գծերով գիտեմ, և կարող եմ հույս հայտնել, որ աշխատանքների ավարտից հետո ամբողջական տեղեկատվություն հասարակությունը կստանա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ԱԺ գալուն, ապա նրա հետ հանդիպումն անցկացվել է մինչև ուշ երեկո, հրավերը եղել է հանձնաժողովի կողմից, վստահ եմ, որ հանձնաժողովը կազմակերպել է և դիմավորումը և ճանապարհումը, և ուզում եմ ասել, որ Սարգսյանը ԱԺ նախագահի համար նախատեսված առանձին՝ ավելի անվտանգ մուտքով է եկել։ Այսինքն՝ ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»,- ներկայացրեց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը մասնակցեց հանձնաժողովի նիստին, մինչդեռ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է մասնակցել, արդյո՞ք դրանից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, Միզրոյանն արձագանքեց՝ չեմ կարծում, որ Խաչատուրովը ճիշտ է վարվել։
Հարց հնչեց նաև, թե հանձնաժողովին հաջողվե՞լ է արդյոք կարևոր բացահայտումներ անել, որին ի պատասխան ԱԺ նախագահը պատասխանեց, որ գործընթացը երկար կարող է տվել, սակայն դեռ չի կարող ասել, որ աշխարհացունց բացահայտումներ են եղել:
Հարակից հրապարակումներ`
- Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին. Քոչարյան
- Անդրանիկ Քոչարյան. Չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը