Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն. Ֆինանսական համակարգը կայուն է
Համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին տատանումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև ՀՀ ֆինանսական շուկայի վրա։ Հատկապես այն արտացոլվեց երկարաժամկետ պետական պարտատոմսերի շուկայի վրա, որոնց եկամտաբերությունները դեռ փետրվարի վերջից սկսեցին տատանվել։
10 տարի մարման ժամկետայնությամբ պետ․պարտատոմսերի եկամտաբերությունն մարտի 17-ի դրությամբ հասավ 9․0793%-ի, 20 տարվանը՝ 10․0792%-ի, իսկ 30 տարվանը՝ 10․5156%-ի, սակայն կրկին կայունացան մի քանի օր անց՝ վերադառնալով հունվարի վերջին օրերի ցուցանիշներին։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշում է․ «Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցների համար շարունակում են հուսալի և գրավիչ ներդրման գործիք մնալ ՀՀ պետական պարտատոմսերը։ Դրա վկայությունն է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում մարտ ամսին և ապրիլի առաջին կեսին իրականացված պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների պահանջարկի բազմապատիկ գերազանցումն առաջարկին»։
Նա նշել է, որ ապրիլի 14-ին 30 տարի ժամկետայնությամբ, 20 մլրդ ՀՀ դրամ անվանական արժեքով պետական պարտատոմսերի՝ ֆոնդային բորսայում տեղի ունեցած տեղաբաշխման աճուդի ժամանակ ներկայացված առաջարկությունների ծավալը կազմել է ավելի քան 79 մլրդ դրամ՝ գրեթե 4 անգամ ավելի հայտարարված և տեղաբաշխված ծավալի նկատմամբ, որը վկայում է ՀՀ կառավարության հուսալիության մասին, քանի որ ականատես եղանք, թե ներդրողներն ինչ ծավալի պարտք էին պատրաստ տալ ՀՀ Կառավարությանը 30 տարով և ինչ հարաբերական ցածր տոկոսով։
Բորսայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, եթե ներկայում դիտարկենք մեր տարածաշրջանի երկրների՝ իրենց ազգային արժույթով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունները և անցկացնենք ամփոփ համեմատական Հայաստանի (երկրի վարկանիշ՝ Moody's Ba3, Fitch BB- ), Ղազախստանի (Baa3, BBB), Վրաստանի (Ba2, BB), Ուկրաինայի (Caa1, B ) միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի միջև, կտեսնենք հետևյալ պատկերը։
Ղազախական տենգեով թողարկված միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերություններն ապրիլի կեսին եղել են 10,5-11,5%-ի սահմաններում, վրացական լարիով՝ 11,2-11,8%, ուկրաինական գրիվնյայով՝ 10,6-19.5%։ Մինչդեռ ՀՀ դրամային միջնաժամկետ և երկարաժամկետ ՊՊ եկամտաբերությունը նշված ժամանակահատվածում 6,4-10,1% սահմաններում է։
»Մասնավորապես, երբ համադրում ենք 30 տարի մարման ժամկետ ունեցող ՀՀ երկարաժամետ պետական պարտատոմսերի շուկայական եկամտաբերության շրջանակը համադրելի ժամկետայնությամբ և վարկանիշ ունեցող երկրների երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունների հետ, ապա ապրիլի 15-ի դրությամբ մեզ մոտ 10․1% է, Ուկրաինայում 11.5%, Ղազախստանում`10.5%, Վրաստանում՝11.8%։ Այսինքն, վերահաստատվում է ՀՀ պետական պարտատոմսերի՝ նաև տարածաշրջանային երկրների ազգային արժույթներով արտացոլված պարտատոմսերի հետ մրցունակ լինելու մեջ։
ՀՀ Կենտրոնական բանկն իր գործիքակազմով և արդյունավետ քաղաքականությամբ կարողացավ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հնարավորինս կայունացնելու արտարժութային շուկան՝ նպաստելով երկրում ֆինանսական համակարգի բնականոն գործունեության և կայունության ապահովմանը։
Ինչպես երեկ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նորանշանակ նախագահ Մարտին Գալստյանը նշել է․ «Կենտրոնական բանկը հայտարարեց և համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, թե՛ արտարժույթով: Համակարգն այս պահին չունի իրացվելիության որևէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով»։
Նախ ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%: Սա թույլ տվեց որոշակիորեն զսպել այն տնտեսական բացասական հետևանքը, որը ճգնաժամը կարող էր ունենալ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի վրա։ Բացի այդ, մարտի 16-ին և 17-ին ԿԲ-ն իրականացրեց 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման ՍՎՈՊ գործառնություններ, որն էականորեն նպաստեց արդեն մարտի վերջին օրերին արտարժութային շուկայի տատանումների զսպմանը և դրամի կայունացմանը ։
Կայունացման վրա դրական ազդեցություն ունեցավ նաև ՀՀ ֆինանսների նախարարության արդյունավետ քաղաքականությունը՝ որոշ երկարաժամկետ պարտատոմսերի հետգնումների հայտարարությունները և իրականացումները մարտ և ապրիլ ամիսներին, ինչպես նաև դրան նպաստեց նոր մեծածավալ տեղաբաշխումների, մարումների և արժեկտոնների վճարման սպասումները ապրիլ ամսին։
Արժեթղթերի բորսայական հարթակներում առևտրի կայուն ընթացքը նաև պահպանվել է կորպորատիվ պարտատոմսերի դեպքում։ 2020 թ․-ի առաջին եռամսյակի տվյալները վկայում են երկրորդային շուկայում առևտրի ծավալների աճի մասին նախորդ տարիների համեմատ։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի առաջին եռամսյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 233 մլրդ դրամ, որը 46%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հավելենք նաև, որ կորպորատիվ պարտատոմսերի առևտրի բորսայական ծավալը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 87%-ով՝ գերազանցելով 10 մլրդ ՀՀ դրամի շեմը, որի արդյունքում գների արժեթղթերի գնանկում ևս չի նկատվել, որը կրկին հավաստում է այն մասին, որ ներդրողները վստահում և շարունակում են ներդնել պարտատոմսերում։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական և բնականոն գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր լրացուցիչ երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և զարգացման համար»,-ասված է բորսայի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մարտին Գալստյանը 104 կողմ, 15 դեմ ձայներով ընտրվեց ԿԲ նախագահ
- ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
- Մոտավորապես 525 հազար վարկ է վերանայվել և հետաձգվել բանկերի կողմից. ԿԲ նախագահի թեկնածու
- Փաշինյան. Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին
- Արա Վարդանյան. Վարկերի աճով կարելի է ուրախանալ, երբ դրանք բիզնես վարկեր են, այլ՝ ոչ սպառողական