Հրազդանը քարտեզով Հայաստանի կենտրոնն է. Սասուն Միքայելյան
«Հրազդանը քարտեզով Հայաստանի կենտրոնն է»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ներկայացնելով Հրազդան-Ապարան ճանապարհահատվածի վերանորոգման կարևորությունը։
Նրա խոսքով, Հանքավան-Ապարան ճանապարհի մի հատված կա 18-20 կմ երկարությամբ, որը վերանորոգման կարիք ունի, և մեծ ծախսեր էլ չի պահանջում։
«Այդ ճանապարհը ստրատեգիական շատ մեծ նշանակություն կունենա և 3-4 մարզ իրար կմիացնի: Բացի այդ, մենք ունենք Մեղրաձոր-Վանաձոր թունելը, որ երկար տարիներ չի գործում, բայց դա էլ մեծ նշանակություն ունի. մինչև Ալավերդի կարելի է երկաթգիծ գցել։ Ճիշտ է, դրա համար մեծ ծախսեր են պետք, բայց եթե այսպես թողնենք, էդ թունելն էլ կամաց-կամաց կքանդվի։ Կխնդրեի Ապարան-Հրազդան ճանապարհին ուշադրություն դարձնել, եթե հնարավոր լինի, ապագա ծրագրերում դա էլ հաշվի առեք»,- շեշտեց Միքայելյանը։
ԱԺ «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ հայտնեց, որ 2019 թվականի հունիսի 28-ին նախարարությունից ստացել է պատասխան՝ կապված Նոր Կյանք- Փանիք-Գետափ-Արթիկ ճանապարհահատվածի հետ։ Պատասխանում նշված է եղել, որ 2020 թվականին, եթե լինեն ֆինանսական տնտեսումներ, ապա այս ճանապարհահատվածը կհիմնանորոգվի։
«Փաստ է, որ չի ներգրավվել։ Ես կրկին դիմում եմ գրել, և կուղարկեմ, ու հույս ունեմ, որ 2021 թվականին այս ճանապարհահատվածը կընդգրկվի ծրագրում, որովհետև շատ կարևոր հատված է։ Այս պահին թերևս ամբողջ ռուսական տեխնիկաների ծանրաբեռնածությունն ընկել է Արթիկ քաղաքի կամուրջի վրա, որն ավելի ռիսկային է դանռալու։ Եթե մենք այսօր կարող ենք մի քանի մլն դրամով ծանրությունը թեթևացնել և խնդրին լուծում տալ, ապա հետագայում՝ կամուրջը վտանգելու դեպքում շատ մեծ ծախսեր կառաջանան»,- ներկայացրեց Հովսեփյանը։
Վարդաքար-Այգաբաց ճանապարհի 3 կմ հատված ևս ծանր անանցանելի է։ Ըստ Հովսեփյանի, այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում հնարավոր կլինի շրջանցել Արթիկից Գյումրի գնացող ճանապարհը, որը Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի կառուցման ընթացքում ծանրաբեռնված է լինելու.
«Բնական է, որ Արթիկից Գյումրի գնալու համար մեկ այլ շրջանցիկ ճանապարհ պետք է սարքվի, և նախընտրելի է, որ հենց այս հատվածը լինի, քանի որ դրանից կօգտվի նաև գյուղը։ Այս դեպքում Արթիկից Գյումրի ճանապարհահատվածը 20 կմ-ով կկրճատվի»։
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ-ի և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջնագծում գտնվող զինվորին հաց հասցնելու խնդիր կունենանք, եթե Խնձորուտի ճանապարհը չվերանորոգենք. Բագրատյան
- Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400 հազար եվրո վարկ վերցնել