Առաջնագծում գտնվող զինվորին հաց հասցնելու խնդիր կունենանք, եթե Խնձորուտի ճանապարհը չվերանորոգենք. Բագրատյան
«Զառիթափ-Խնձորուտ ճանապարհահատվածն իսկապես կենսական նշանակություն ունի. Խնձորտուտը սահմանապահ գյուղ է»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Դիմելով տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Բագրատյանն ասաց՝ չեմ կարծում, որ Վաչե Տերտերյանի հետ խոսակցությունն ավելի կարևոր է, քան այս հարցը։
«Եթե Աստված ոչ անի, Խնձորուտում գործողություններ սկսվեն հակառակորդի կողմից, կա մի ճանապարհ, որով հնրավոր չէ որևէ զինտեխնիկա հասցնել առաջնագիծ։ Չգիտեմ՝ կենսական կարևորությունն ինչպես եք գնահատում, եթե ոչ այս կարևորագույն ցուցիչով, որ առաջնագծում գտնվող զինվորին հաց հասցնելու խնդիր կունենանք, եթե այս ճանապարհը չվերանորոգենք»,- շեշտեց պատգամավորը։
Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ նաև Վայք-Արին ճանապարհահատվածին, քանի որ, նրա պնդմամբ, այդտեղ ճանապարհն ավերվել է Վայքում տեղակայված զորամասի զորավարժությունների և գործողությունների հետևանքով.
«Գյուղի ճանապարհը ավերվել է մեր մեղքով, այդ իմաստով նույնպես պետք է պարտավորություն ստանձնենք»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հայտնեց՝ տեղ կա, որ ընդհանրապես ճանապարհ գոյություն չունի, տեղ էլ կա՝ ասֆալտը քերում, հանում են, որ նորը փռեն։
«Մեր երկրում յուրաքանչյուր նոր արտաքին պարտք գոյացնելու պարագայում մենք հստակ պետք է իմանանք, որ արդյունավետության չափազանց բարձր մակարդակ ենք ապահովելու։ Անշուշտ, չափազանց կարևոր է ՀՀ-ում ունենալ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան կենսական նշանակության ճանապարհներ»,- ասաց էնֆիաջյանը։
Պատգամավորը շեշտեց, որ բացի ճանապարհները վերանորոգելուց, պետք է ուշադրություն դարձնել գծանշումներին, ճանապարհների լուսավորությանը. «Մենք վիճակագրություն ունենք, թե ինչ անդառնալի մարդկային կորուստներ են լինում ճանապարհներին լուսավորություն չլինելու պատճառով»։
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ-ի և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։