Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի համար մշակվում է գոտևորման նախագիծ
Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների խթանման նպատակով մշակվում է գոտևորման նախագիծ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:
«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանի հետ քննարկել են շուրջ 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղու (promenade) կառուցապատման նախագիծը:
Մինչև Սևանավանքի մոտ ձգվող ճեմուղուն զուգահեռ նախատեսված է կառուցել հեծանվային ուղի, որը տեղակայվելու է 1905․0 նշի վրա։ Ճեմուղու երկայնքով կազմակերպվելու են հյուրանոցային, ակտիվ հանգստի և զվարճանքի, սպասարկման և սննդի օբյեկտների, պուրակների գոտիներ՝ ձևավորելով միջավայրին ներդաշնակված լուծումներ և առավելագույնս ապահովելով այցելուների կապը բնական լանդշաֆտի հետ։ Տվյալ ծրագրով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրումների ներգրավման և զբոսաշրջիկների հարմարավետ հանգստի կազմակերպման համար։
Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը և մասնագիտական խմբի ներկայացուցիչները հայեցակարգի զարգացման նոր առաջարկություններ ներկայացրեցին, և քննարկման արդյունքում որոշվեց ծրագրում նոր լրամշակումներ կատարել, ինչպես նաև հաշվի առնելով Արտակարգի դրությունով պայմանավորված հնարավոր տնտեսական ճգնաժամի հետևանքներն՝ արագացնել գործընթացի կազմակերպումը և այսպիսով նոր խթան հաղորդել զարգացման ծրագրերին»,-նշված է կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի