Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 50%-ով
Հայաստանում 2020 թվականի հունվար-փետրվարին արտադրվել է 1 մլրդ 461.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.1%-ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 204.2 %-ով և կազմել 700.9 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 30.3%-ով՝ կազմելով 9.9 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալներն այստեղ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել են 21.9%-ով՝ կազմելով 224.4 մլն կՎտ ժամ։
Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 533.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019թ-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել է 3.7%-ով:
Նշենք նաև, որ 2020թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 2.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2019 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 50%-ով, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 0,7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 22%-ով։