«Ամնեսթի ինթերնեյշնլ». Քոչարյանին կալանքից ազատելուց հետո Փաշինյանի պահանջով դատարանները շրջափակվել են
«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 16-ին հրապարակած «Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում» զեկույցում անդրադարձել է Հայաստանի դատական համակարգին։
Կազմակերպությունը, մասնավորապես, ընդգծել է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավով կալանքից ազատ արձակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով դատարանների շենքերը շրջափակելու փաստին։
«Դատական իշխանությունների վրա գործադիր իշխանության հնարավոր ճնշման անհանգստության ֆոնին տեղի են ունեցել նախկին բարձրաստիճան պետական անձանց ձերբակալություններ և քրեական հետապնդումներ»,- ասված է զեկույցում։
Ըստ միջազգային կազմակերպության, Մոլդովայում և Հայաստանում դատական համակարգերն իրենց վրա զգացել են քաղաքական ճնշում։
Զեկույցում նշվում է, որ 2019-ի հունիսի 5-ին երրորդ անգամ կալանավորվեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա մեղադրվում է սահմնադրական կարգի տապալման ու կաշառք ստանալու համար։ Ռոբերտ Քոչարյանը հերքում է մեղադրանքը՝ այն որակելով անհիմն ու քաղաքական մոտիվներ ունեցող։ Նա նաև կառավարությանը մեղադրում է դատական համակարգի վրա ապօրինի ճնշումներ գործադրելու համար։
«Երբ 2019-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանը գրավով ազատ արձակվեց կալանքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջեց անցկացնել դատական համակարգի համակողմանի բարեփոխումներ, հրապարակայնորեն քննադատեց դատավորներին ազատ արձակելու որոշման համար և կոչ արեց իր կողմնակիցներին արգելափակել դատարանների շենքերը:
2008 թվականի մարտին հանրահավաքը ուժով ցրելու, ինչպես նաև պաշտոնական դիրքը չարաշահելու ենթադրյալ այլ դեպքերի համար մեղադրանքներ են առաջադրված նաև այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Տարեվերջին դատավարությունը դեռևս չի ավարտվել»,- ասված է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին