Մուղնեցյան. Եթե եղել է «Յուքոմի» աշխատակիցներին դիմում գրելու հորդոր, ապա պատասխանատվության առաջ կկանգնեն
«Իմ կարծիքով, խորհրդի որոշման ուժի մեջ մտելու պահից ընեկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնելու է պարոն Արա Խաչատրյանը»,- առցանց ասուլիսում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գնել Մուղնեցյանը՝ ներկայացնելով «Ucom»-ի շուրջ ստեղծված իրավիճակի իրավական կողմերն ու պատասախանելով Panorama.am-ի հարցերին, թե Հայկ Եսայանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն շարունակում է մամուլում հանդես գալ որպես գործող տնօրեն։ Ինչպե՞ս է իրավունքի տեսանկյունից այս հարցը կարգավորվում։ Խնդրել էինք նաև պարզաբանել, թե ով իրավունք ունի ընկերության անունից հանդես գալ։
Գնել Մուղնեցյանն ընդգծեց, որ սա իր անձնական տեսակետն է, բայց, մամուլն ուսումնասիրելով, հասկացել է, որ դրան հակադրվող մոտեցումներ կան։
Փաստաբանը գտնում է, որ իրավական կարգավորման տիրույթում խորհրդի որոշումն այն միակ թույլատրելի վերաբերելի ապացույցն է, որով հավաստում է գործադիր մարմնի ղեկավարի լիազորություն ունենալ-չունենալու հանգամանքը։
«Ունենք 2020 թվականի ապրիլի 14-ին ընդունված խորհրդի որոշում, որից հետո պարոն Հայկ Եսայանի լիազորությունները դադարեցված են»,- ասաց Գնել Մուղնեցյանը։
Panօrama.am-ի մյուս հարցերին, թե սովորաբար բաժնեմասերի գնումները երկար ամիսներ կամ տարիներ տևող գործըթնաց է, այսինքն, եթե Եսայան եղբայրները ինչ-որ գործարքի հույս ունեն, միևնույնն է դա մի օրվա բան չէ, իսկ 800 աշխատակիցների դիմումին ընթացք տալու ժամկետը կլրանա շուտով։ Ի՞նչ է լինելու այս մարդկանց հետ և ինչ պարտավորություն ունեն այս մարդկանց առաջ Եսայան եղբայրները, որոնց երաշխիքով դիմումներ գրվել են։
Փաստաբանը նախ ասաց՝ բաժնետոմսերի օտարման գործընթացը, որը մամուլով անընդհատ շրջանառվում է, որևէ կապ չունի այսօր տեղի ունեցող գործընթացի հետ, այն կարող է ունենալ հաջողություն, այսինքն՝ գործարքը կողմերի փոխադարձ կամարտահայտությամբ կատարվի, կնքվի, տեղի ունենա, կամ տեղի չունենա։
«Մենք հիմա խոսում ենք բոլորովին այլ իրավական գործընթացի մասին՝ տնօրենի նշանակում, միմյանց հետ չփոխկապակցված իրավական գործընթացներ են, մեկը չի կարող կանխորոշել մյուսի ելքը»,- ասաց Գ. Մուղնեցյանը։
Ինչ վերաբերում է աշխատակիցների դիմումներին, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ տեղեկություն ունի այնքանով, որքանով մամուլում հրապարակվել են, այս պահին ընթանում է թիմային քննարկում։
«Այս պահին այդ հարցը քննարկման փուլում է։ Առաջին իսկ որոշման դեպքում հանրությունը կտեղեկացվի»,- նշեց նա։
«Ի՞նչ է լինելու այս մարդկանց հետ և ինչ պարտավորություն ունեն այս մարդկանց առաջ Եսայան եղբայրները, ում երաշխիքով դիմումներ գրվել են» հարցի այս հատվածի մասին Գնել Մուղնեցյանն ասաց. «Այս հարցադրմանը ճիշտ պատասխանելու համար նախ պետք է պարզենք, թե արդյոք նման երաշխիք կամ հորդոր եղել է, թե ոչ։ Այդ երաշխիքով կամ հորդորով պայմանավորված՝ դրա իրավական գնահատականը փոխվելու է։ Եթե եղել է նման երաշխիք կամ հորդոր, իմ կարծիքով, իրավական որոշակի պատասխանատվության առաջ կանգնելու են համապատասխան անձինք, եթե նման հորդոր, երաշխիք չի եղել, աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակում այդ գործընթացը կլուծվի։
Եթե պարզվեց, որ աշխատողներին հորդորել են, նորից եմ նշում, բաժնետերերի ժողովը, խորհուրդը, որոնք ամեն մեկն ունի իր կորոպորատիվ լիազորությունները և իրավասությունները, գնահատական կտա ու համապատասխան որոշման գործընթաց կսկսվի»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. «Ucom» ընկերության շուրջ արտառոց ոչինչ չկա
- Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է
- Գրիգորի Սաղյան. Եսայան եղբայրների առաջարկը հակասական է
- Ucom. Վստահ ենք, որ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը