Հայկ Կարապետյանը՝ «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը, ապրիլի 20֊ին «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի տեղակալը կարևորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված աշխատանքների շնորհիվ: Այդ գործում մեծ ներդրում ունի կառույցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից, և նախարարության անունից Աբրոյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչես նաև Հայկ Ավագյանին՝ իր վերջին 13 տարիների նվիրված ու բեղմնավոր աշխատանքի համար:
Ներկաներին Արմեն Աբրոյանը ներկայացնել է «Հայփոստ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին, ով այսուհետ իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ընկերության հետագա զարգացմանը:
Նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնել Դիտորդ խորհրդին վստահության համար, նշել, որ ուրախ է վերադառնալ հայրենիք և իր կուտակած փորձն ու գիտելիքները ներդնել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Նա նշել է, որ ահռելի աշխատանք է սպասվում կառույցի թվայնացման, կորպորատիվ մշակույթի ներդրման, մատուցվող ծառայությունների կատարելագործման և շահութաբերության բարձրացման գործընթացների շուրջ և համոզված է, որ առանց խնդիրների կկարողանան անձնակազմի հետ հաղթահարել բոլոր դժվարությունները: