Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Ոչ դատավորը, ոչ դատարանի նախագահը չեն կատարում իրենց պարտականությունները
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն իրավական հարթությունում որևէ մեկնաբանություն չի գտնում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով։ Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ մեկտեղ ու նույնչափ նա մեղադրում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։
«Մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչպես էր Աննա Դանիբեկյանի վիրահատությունն անհետաձգելի, որո՞նք էին բժշկական հիմնավորումները, թե ինչո՞ւ նրա բացակայությունը տևեց, խնդրում եմ ուշադիր եղեք, երեսուներեք օր։ Սա իսկապես քիչ հանդիպող դեպք է, բայց տեղի ունեցավ հենց մեր գործով։ Երեսուներեք օր մենք ունեցանք անաշխատունակության մեջ գտնվող դատավոր»,-Panorama.am-ի հետ զրույցում նման մտահոգություններ ու կասկածներ, պատասխաններ չստացած հարցեր է բարձրաձայնում փաստաբանը։
Նա ընդգծում է ձևակերպումը, ըստ որի, Աննա Դանիբեկյանը կարող էր վերադառնալ աշխատանքի. «Եթե բժիշկը չգտնի այլևս անհրաժեշտություն երկարաձգելու, ապա տիկին Դանիբեկյանը կվերադառնա աշխատանքի»։
Վարդևանյանի կարծիքով, հարցը բանավեճի առարկա է դարձել նաև բժշկական համայնքում, որոշ մասնագետների մոտ էլ կլինի տպավորություն, որ 33 օրն իսկապես աննախադեպ է ու ի՞նչ ծանրակշիռ հիմավորումներ դրա ու ժամանակի երկարաձգման համար պետք է լինեն։
«Ինչևէ։ Փաստն այն է, որ չերկարաձգվեց։ Բժիշկը գտավ, որ տիկին Աննա Դանիբեկյանը կարող է ներկայանալ աշխատանքի։ Փաստն այն է, որ նա ներկայացավ աշխատանքի, ընդունակ էր, ի զորու էր կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Ես տեղեկություն ունեմ, որ նույնիսկ նա դատական նիստի է մասնակցել։ Այս պայմաններում ո՞նց կարող էր տիկին Դանիբեկյանը չքննել խափանման միջոցը փոխելու միջնորդություն, որը մարտի 16-ից առկախված է իր վարույթում։ Հասկանո՞ւմ եք, սրա պատասխանը անհնար է տալ իրավական տիրույթում։ Ի՞նչ ավելի ծանրակշիռ պարտականություն պետք է ունենար տիկին Դանիբեկյանը, քան այս միջնորդության քննության առնելը։ Չկա նման բան»,- ասում է փաստաբանը։
Նա պնդում է՝ դատավորը ոչ միայն չի կատարում իր աշխատանքային պարտականությունները, այլև բարեխիղճ չէ։
Հիշեցնենք, որ այս գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․մարտի 10-ին։ Դրանից հետո՝ մարտի 13-ին դատավորն անաշխատունակության թերթիկ է վերցրել, վերադարձել աշխատանքի ապրիլի 17-ին, ապա վերցրել է հերթական արձակուրդը՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը։
Ռոբերտ Քոչարյանի գործով նիստ է նշանակվել մայիսի 8-ին։
Արձակուրդ վերցնելու հանգամանքը փաստաբանը էլ ավելի տարօրինակ է որակում, հիշեցնում է, որ դատավորը հերթական արձակուրդ վերցրել էր անցած տարվա դեկտեմբերին, աշխատանքի վերադարձել էր այս տարվա հունվարի 9-ին, հիմա նորից մեկնել է արձակուրդ։
«Դատավորների դեպքում արձակուրդները պետք է լինեն պլանավորված նախապես։ Դա էլ իրականացնելիս հաշվի են առնում մի շարք հանգամանքներ, այդ թվում կալանքի հետ կապված գործերը։ Հիմա տիկին Դանիբեկյանը չուներ պլանավորած արձակուրդ։ Բայց տեսեք ինչ են պատասխանում դատարանից լրագրողին։ Մենք տեղում նստեցինք, պլանավորեցին։ Հիմա ինչպիսի՞ վարքագծի մասին է խոսքը»,- հարց է հնչեցնում Վարդևանյանը։
Նա մանրամասնում է, որ այս իրավիճակը կարող էր կանխել դատարանի նախագահը՝ մերժելով պետության ֆինանսական միջոցների հաշվին վարձատրվող ոչ պլանավորված արձակուրդը, նա կարող էր հիմքում դնել աշխատանքային պարտականությունների կատարումը։
Փաստաբանը հիշում է, որ Վճռաբեկ դատարանը 2018-ի դեկտեմբերի 25-ին նախադեպային որոշում է ընդունել, որով ճանաչել է իրավունքի խախտում արձակուրդով պայմանավորված գրավի միջնորդությունը 30 օր չքննելը։
«Հիմա Երևան քաղաքի դատարանի նախագահը տեղյակ չէ՞ այդ նախադեպին, երբ պարտավոր է իմանալ։ Ունենք մի իրավիճակ, որ դատարանը քառասուն օրից ավելի իր բնականոն գործունեությունը չի կատարում, և չի էլ կատարելու մի տևական ժամանակ ևս։ Հիմա այս պարագայում դատարանի նախագահը գործառույթ չի տեսնո՞ւմ, որ պետք է իրականացնի։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ուղղակի գրված է, որ դատարանի նախագահն ունի պարտականություն ապահովել դատարանի բնականոն գործունեությունը։ ԲԴԽ որոշում կա, ըստ որի, նման իրավիճակում պետք է գործը ժամանակավորապես փոխանցել այլ դատավորի։ Դա էլ չի արվում։ Այսինքն, ըստ դատարանի նախագահի, նորմա՞լ է, որ քննության առարկա չդառնա անհապաղ քննության ենթակա խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունն այն պարագայում, երբ վերջին անգամ այն քննվել է անցած տարվա նոյեմբերի 7-ին»,- իրավական սահմանումներն ու առկա իրավիճակը ներկայացնում է պաշտպանը։
Նա հաշվել է, որ անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս դատավոր Դանիբեկյանն անցկացրել է 16 նիստ, ևս 16 դատական նիստ չի անցկացրել իր մեղքով։
«Տեսեք, դեկտեմբերի 3-ին նիստ է լինում, հաջորդը լինում է հունվարի 9-ին, որովհետև տիկին Դանիբեկյանը արձակուրդ է մեկնել։ Փետրվարի 18-ին նիստը տապալվում է, որովհետև դատարանը չէր կարողացել ապահովել թարգմանիչներ։ Կհիշեք, որ հոկտեմբերից նոյեմբեր մոտ երեք նիստ չէր կայացել։ Սեպտեմբերից հոկտեմբեր 2-3 նիստ չի կայացել, որովհետև տիկին Դանիբեկյանը վերապատրաստման էր։ Մարտի 17-ից մինչ օրս վեց դատական նիստ տապալվել է։ Գումարային լինում է 15-16 դատական նիստ»,- հաշվում է նա՝ արձանագրելով, որ իրենց պարտականությունները չեն կատարում ոչ դատավորը, ոչ էլ դատարանի նախագահը։
Իրավաբանն ընդգծում է, որ 2019-ին ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել Ռոբերտ Քոչարյանի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Նելլի Բաղդասարյանին, քանի որ վերջինս անհապաղ քննության առարկա չէր դարձրել գրավի վերաբերյալ միջնորդությունը։
«ԲԴԽ-ն հիմնավորումներում նշել էր, որ սա հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ է, իսկ միջնորդությունն էլ անհապաղ քննության ենթակա է։ Դատավորը փաստացի հրաժարվեց արդարադատություն իրականացնելուց։ Սա անգործություն է։ Հիմա նույն վիճակն է, դատավորն ու դատարանի նախագահը տեղյակ չե՞ն ԲԴԽ որոշումից։ Բա սա ի՞նչ է, եթե ոչ արդարադատություն իրականացնելուց հրաժարվել»,- հարցեր է հնչեցնում նա։
Անցած շաբաթ Վարդևանյանը կրկին դիմեց ՄԻՊ-ին։ Ստեղծված իրավիճակում նա ակնկալում է, որ պաշտպանը պետք է հանդես գա հրապարակային հայտարարությամբ այս գործի վերաբերյալ։
«Մենք մինչև ապրիլի 17-ը դիմել էինք ՄԻՊ-ին, Պաշտպանն իր հերթին դիմել էր ԲԴԽ։ Բայց ապրիլի 17-ին մենք ունեցանք իրավունքի խախտման մի ծայրահեղ իրավիճակ, դատավորը կարողանում է ներկայանալ աշխատանքի, բայց իր պարտականությունը չի կատարում։ Ես կարծում եմ, որ ՄԻՊ-ը պետք է քննարկման առարկա դարձնի այս գործի ու դրա զարգացումների հետ կապված հրապարակային հայտարարություն անելը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքն արգելում է միջամտել դատական վարույթին, բայց այս իմ խնդրանք դիմումը չի վերաբերում դրան, քանի որ այդ իրադարձությունները դատական վարույթից դուրս են։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք դատական վարույթ չունենք»,- ընդգծում է նա։
Արամ Վարդևանյանը հիշեցնում է ԵԽ խոշտանգումների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի կոչերը՝ խոցելի խմբում գտնվող մարդկանց խափանման միջոցն անհապաղ փոխելու վերաբերյալ, քանի որ բազմաթիվ ռիսկեր կան, սկսած ՔԿՀ-ներում սոցիալական հեռավորության պահպանման անհնարինությունից։
«Հորդորել են մարտի 20-ից սկսած, իսկ մեր գործով մարտի 10-ից հետո մենք դատական նիստ չենք ունեցել, որ այդ հարցը քննվի։ Նժարի վրա պետք է դրվի նոյեմբերից կալանքի հարցով լսվելու իրավունք չունեցած ու խոցելի խմբում գտնվող, կալանքի տակ գտնվելու համար որևէ հիմք չունեցող մարդու՝ երկրորդ նախագահի հարցը։ Ու այս պայմաններում մենք դատական նիստ չենք ունենում, երբ հնարավորություն է ստեղծվում ունենալ, հիմա էլ արձակուրդի հարցն է վրա հասնում»,- ասում է փաստաբան Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին նշանակված նիստում դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։
Ի պատասխան Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։ Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։
ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար: Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին
- «Ամնեսթի ինթերնեյշնլ». Քոչարյանին կալանքից ազատելուց հետո Փաշինյանի պահանջով դատարանները շրջափակվել են
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Սա ծաղր չէ
- Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին արձակուրդ է վերցրել
- Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր աշխատանքի է եկել
- Գևորգ Կոստանյանը՝ Քոչարյանի գործի մասին. Չի կարող արդարադատությունը բախտի քմահաճույքին մնալ
- Հայկ Ալումյան․ Գուցե զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Դունյա Միյատովիչ․ Հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ համաճարակի ժամանակ Եվրոպայում բանտարկյալների իրավունքները պաշտպանելու համար
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Հովհաննես Խուդոյան. ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո արդյունքը պարզ է, բայց հետաքրքիր է, թե ինչ է գրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին