Թուրքիայում ժամանակին քննարկվել է հայկական այբուբենից օգտվելու հարցը
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ իրականացված մի շարք բարեփոխումների շրջանակներում Թուրքիայում մինչ այդ օգտագործվող արաբատառ այբուբենը փոխարինվեց լատինականով, գրում է ermenihaber-ը:
Դա տեղի ունեցավ 1928-ին, իսկ դրանից առաջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել առ այն, թե որ այբուբենը առավել հարմար կլինի արաբականի փոխարեն։ Այդ քննարկումների ժամանակ հնչել են նաև մեսրոպյան այբուբենը գործածելու առաջարկներ։
Մասնավորապես թուրք բանաստեղծ, փիլիսոփա Ռըզա Թևֆիքը, որն օսմանյան շրջանում նաև մեջլիսի պատգամավոր է եղել, առաջարկել է արաբական այբուբենը փոխարինել հայկականով։ 1926-ին թուրք երևելիներից մեկին՝ Սաբիհ Շևքեթին գրած նամակում Թևֆիքը գրել է, որ թուրքերեն բանավոր խոսքը գրավորի փոխակերպելու համար ամենահարմարը հայկական այբուբենն է։
Նա պնդել է, որ լատինականի փոխարեն նախընտրելի է ընդունել հայկական այբուբենը, քանի որ թուրքերենի հնչողությանն այն շատ ավելի հարմար է։
Նշենք, որ այն ժամանակ արաբական այբուբենը փոխարինելու գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ դա ամբողջովին չէր ընդգրկում թուրքերենի հնչողությունը, սակայն ոչ պակաս կարևոր պատճառ էր ժողովրդի համատարած անգրագիտությունը․ մարդիկ դժվարանում էին արաբական այբուբենը սերտել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան