Մեր դիրքորոշումը կոշտ է և վճռական. Մակունց
«Այն, ինչ տեղի է ունեցել, մեզ համար անընդունելի է»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից դուրս կարդերը հրապարակելուն։
Պատգամավորը նշեց՝ իրենք ակնկալում են, որ կարճ ժամանակում այդ ամենն իր հետևանքն է ունենալու։
«Այդ առումով մեր դիրքորոշումը կոշտ է և վճռական։ Մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է, և այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էին հնչել այնպիսի արտահայտություններ, որոնք լրջագույն խնդիր լինեին զուտ անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար, առաջին հերթին հարցը մենք դիտարկում ենք հենց այդ կտրվածքով, և ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետևանքներ, և այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի համար, կրելու են պատասխանատվություն»,- տեղեկացրեց Մակունցը։
Նրա խոսքով, եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, ապա «Իմ քայլը» ՀՌԱՀ-ի խորհրդին կհրավիրի խմբակցություն ոչ միայն պահանջելու, որ նման դեպքերը հետայսու բացառվեն, այլ նաև որպեսզի վերջինս զբաղվի այս հարցով։ Պատգամավորը շեշտեց, որ այս պահին իրենց համար կարևոր չէ՝ կադրերի հրապարակումը եղել է պրոֆեսիոնալիզմի բացակայության, անփութության թե՞ դիտավորության պատճառով է եղել։
Դիտարկմանը, որ այդ կադրերի հրապարակման մեղավորությունը 50%-ով վարչապետի մամուլի խոսնակինն է, Մակունցն արձագանքեց՝ չի կիսում կարծիքը, որ վարչապետի մամուլի խոսնակի վրա է պատասխանատվության մեծ մասը։
«Վարչապետի մամուլի խոսնակն ունի հստակ պատասխանատվության չափ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբությունների տիրապետելը։ Հեռարձակման մասին պետք է հեռարձակող անձնակազմը տեղեկացներ վարչապետին։ »
Հարց հնչեց նաև ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված, արդյո՞ք բոլորը կանցնեն այդ օրենքի «մաղով»։
Պատասխանելով հարցին՝ Մակունցն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, թե ովքեր են պետությանն ու հարկատուներին վերադարձնելու իրենց ապօրինի ճանապարհով ձեռք բերած գույքը, բայց Մակունցը վստահեցրեց, որ օրենքն արդյունավետ ձևով է աշխատելու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ օրենքը վերաբերում է նրանց, ովքեր անբարեխիղճ ձեռքբերողներ են։
Նույն խմբակցության պատգամավոր Անրդանիկ Քոչարյանն էլ հավելեց՝ ինչ վերաբերում է անբարեխիղճ ձեռքբերողներին, նրանք հաստատ գիտեն, որ իրենց է վերաբերում օրենքը.
«Իրենք արդեն իսկ իրենց մտահոգություններն ի ցույց են դնում հանրությանը»։