Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շահառուներն ուսանողներն են
Կորոնավիրուսի համավարկի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ուսանողներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է.
«1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։
2. Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։
3. 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։
Նշեմ, որ ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո»։