Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մոտ ժամանակներս բանակցություններ կվարեն Սիրիայի հարցով
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան նախատեսում են մոտ ժամանակներս Աստանայի ձևաչափով բանակցություններ վարել՝ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի և Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների ընթացքում:
«Զարիֆը, վկայակոչելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ Ասադին ասել է, որ կկազմակերպվեն բանակցություններ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ձևաչափով, որոնք Աստանայի գործընթացի երաշխավորներն են»,- ասվում է Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի արտգործնախարարը Ասադի հետ քննարկել է նաև սահմանադրական հանձնաժողովին և քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև Իդլիբում տիրող իրավիճակը:
Սիրիայի նախագահը հիշատակել է Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը և շեշտել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում գեներալի անփոխարինելի դերը:
«Նա նաև բարձր է գնահատել ծայրահեղականների դեմ պայքարում սիրիացի ժողովրդի հետ Իրանի համագործակցության փաստը», - ասվում է զեկույցում: