ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին կտրամադրի 6 մլն դոլարի ատոմային տեխնոլոգիաներով պատրաստված 2000 նոր թեստ
Առաջիկայում Հայաստանը 6 մլն դոլարի աջակցություն կստանա ՄԱԳԱՏԷ-ից։ Այս մասին կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով միջազգային համագործակցության ոլորտում գերատեսչության կատարած աշխատանքները:
Մասնավորապես, ըստ նրա, Հայաստան կբերվեն ատոմային տեխնոլոգիաներով պատրաստված 2000 նոր թեստ, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են հետազոտության արդյունքները։
Փոխնախարաը տեղեկացրեց, որ ապրիլի 8-ին և 15-ին Պեկինից կատարված երկու չվերթներից առաջինում կառավարության ձեռք բերած բժշկական սարքավորումներ են եղել, իսկ երկրորդում՝ միջազգային դոնորների, մասնավորապես՝ WFP-ի կողմից հատկացված պաշտպանիչ միջոցներ: Դրանց ներկրումը հնարավոր է եղել հովանավորների՝ Էդուարդո Էռնեկյանի, «Իմ քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների, ՀԲԸՄ-ի և այլ անձանց աջակցության շնորհիվ:
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանին 1.1 մլն և ևս 600 հազար դոլարի բուջետային աջակցություն է հատկացրել ԱՄՆ կառավարությունը, որը կիրականացվի «Յունիսեֆի» միջոցով: Ավետ Ադոնցը ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին, Հնդկաստանին, Իրանին. ՄԱԶԾ-ին և այլ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Փոխնախարարը նաև պատասխանեց նաև այլ հարցեր:
Հարց - Եթե արտերկրում լրացել է մուտքի արտոնագրերի ժամկետը, ի՞նչ պետք է անի քաղաքացին:
Ա. Ադոնց- Յուրաքանչյուր երկիր ինքն է կարգավորում այն: Եթե սպառվել է ժամկետը, ապա պետք է դիմեն տեղի իշխանություններին և այն երկարաձգեն, բայց մինչ այդ պետք է կապվել տեղի դիվանագիտական գրասենյակների հետ, որտեղ այդ քաղաքացիներին կուղղորդեն:
Հարց «Ակոս»թերթից- Բարերար Գագիկ Մուշեղյանից տեղեկացել ենք, որ Թուրքիայից Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաները չունեն ծննդյան վկայականներ, ծնողների անձնագրերի վավերացման ժամկետներն անցել են: Քանի որ երեխաները ծնվել են Թուրքիայում, ապա միայն այդ երկիրը կարող է տրամադրել ծննդյան վկայականներ, իսկ այդ երկիրը չի տրամադրում, քանի որ նրանց ծնողների անձնագրերն անվավեր են, կամ չկան ամուսնության վկայականներ: Այս երեխաների և ծնողների վերադարձն ինչպե՞ս են կազմակերպվելու:
Ա. Ադոնց- Ես կխնդրեի այս ամբողջ փաթեթն ուղարկել Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչություն, քանի որ եթե մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 176 երկրի հետ, ապա Թուրքիան այն 177-րդ երկիրն է, որի հետ Հայաստանը չունի նման հարաբերություններ և այնտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն: Վստահաբար, անմիջապես կզբաղվենք դրանով և կգտնենք խնդրի օպտիմալ լուծումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան