Լավրով․ ԼՂ հարցով քննարկվող փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ, որոնք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում կարգավորմանը։ Դրանցում, այո, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սակայն հենց նրանցում նաև կար պահանջ՝ դադարեցնել պատերազմն ու անցնել բանակցություններին։ Այդ ժամանակից բանակցություններին անցել են, և ոչ մեկ անգամ։ Եղել են այսպես կոչված Քի Վեսթի պայմանավորվածությունները 2001թ․-ին, եղել են հաջորդող պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերով՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ ձևավորվել է Բաքու-Երևան, Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիա, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը։ Այս ձևաչափն օգտակար է, լավ է»,-այսօր այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 15 երկրների ներկայացուցիչների հետ տեսակապով հանդիպմանը՝ պատախսանելով Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի ներկայացուցչի հարցին։
Լավրովը նշեց, որ կան Մադրիդյան սկզբունքներ, փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՌԴ կողմից 2010-2011թ․-ներին՝ այսպես կոչված Կազանյան փաստաթուղթը, և կա նախագիծ, որը 1 տարի առաջ՝ ապրիլին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տարածվել են և որոնք այժմ ակտիվ քննարկվում են։
«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա: Առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծումը`Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: Համոզված եմ, որ երբ մենք կգանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կլինի ամենակարևոր քայլը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում։ Նրանք պահանջում էին վերջ տալ պատերազմին և սկսել բանակցել։ Այժմ պայմանավորվել են սկսել, պետք է պայմանավորվել։ Սա հենց այն է, ինչին մենք ձգտում ենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,-ասաց Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան