Հայաստան վերադառնալու համար դիմել է 1283 ՀՀ քաղաքացի. Ադոնց
Ապրիլի 21-ի դրությամբ Հայաստան վերադառնալու համար դիմել է 1283 քաղաքացի։ Այսօր կառավարության մամուլի սրահում հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ վերադառնալ ցանկացողներն այն քաղաքացիներն են, ովքեր դիմել և գրանցվել են դիվանագիտական ներկայացուցչություններում:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, մարտի 14-ից ապրիլի 21-ը Հայաստան է վերադարձել 22 հազար քաղաքացի։
Փոխնախարարը նշեց, որ դիվանագիտական ներկայացուցչություններն ապահովում են ՀՀ քաղաքացիների անվտանգությունը և ժամանակավոր կեցավայրերը: Աշխատանքներն իրականացվում են պարետատան, կառավարության, Առողջապահության նախարարության և քաղավիացիայի արդյունավետ համագործակցության շնորհիվ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 200 դիվանագետ է ներգրավված ՀՀ քաղաքացիներին աջակցելու աշխատանքների մեջ։ Նա արտերկրում գտնվող հայրենակիցներին հորդորեց կապ հաստատել և առաջնորդվել դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցների խորհուրդներով:
Ըստ Ավետ Ադոնցի, լինում են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով թռիչքները հետաձգվում են, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր, սկսած թռիչքների թույլտվութունների ստացումից մինչև առողջապահական անվտանգության հարցեր։
«Եթե օրինակ Ռուսաստանից հետաձգվում է թռիչքը, ապա մեր դեսպանատունն անում է այնպես, որ քաղաքացին այդ շրջանը դյուրին անցկացնի և հատկացվում է ժամանակավոր կեցավայր»,- նշեց Ադոնցը:
Անդրադառնալով ՌԴ իշխանությունների կողմից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ՀՀ քաղաքացիների դուրս բերելու հարցին՝ փոխնախարարն ասաց, որ քաղաքացիները պետք է ենթարկվեն տվյալ երկրում սահմանված սահմանափակումներին:
«Վերջին ասուլիսից հետո «Դոմոդեդովո»-ից իրականացվել է 3 թռիչք: Երեկ և առաջին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Որևէ մեկը չի մոռացվել: Մենք առաջին պահից տեղյակ էինք, թե ինչ է տեղի ունեցել «Դոմոդեդովո»-ում, պլանավորում ենք նրանց Հայաստան վերադարձնել և այդ քայլերը կարվեն մոտ օրերս»,- հայտնեց Ավետ Ադոնցը և տեղեկացրեց, որ այդ քաղաքացիների համար դեսպանատունը կեցավայր է ապահովել:
ԱԳ փոխնախարարը նաև հայտնեց, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցների մեջ կան մեկուսացվածներ, բայց վիրուսի հաստատված դեպք չկա:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի օդանավակայանից հայաստանցիներին դուրս են հանել
- Պարետատուն. Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը կկազմակերպվի ապրիլի 23-ից հետո
- Չնայած դեսպանի հորդորներին, ՀՀ 135 քաղաքացի հրաժարվում է դուրս գալ «Դոմոդեդովո»-ի տարածքից
- «Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել օդանավակայանի տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին