«Ավրորա». Հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ի առցանց քննարկման ժամանակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում, որը տեղի կունենա 2020 թ. ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում և նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ:
Նախաձեռնությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաև 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները:
Առցանց քննարկման բանախոսներն են Նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումը տեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:
«Այժմ, երբ կորոնավիրուսային նոր հիվանդության հետևանքով փոխվել է համաշխարհային օրակարգը, մենք չենք կարող սովորականի պես հավաքվել Մատենադարանում և ստիպված ենք փոփոխելու մեր ծրագրերն ու համապատասխանեցնելու ներկա իրավիճակին: Այդուհանդերձ, մենք միասին ենք, և այս առցանց միջոցառումը մեզ հնարավորություն կընձեռի մեծարելու 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, ինչպես նաև անդրադառնալու «Ավրորայի» հիմնական գաղափարներին՝ մեր ամուր հավատամքին, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության, և մեր նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունը գործի վերածելու մեր հանձնառությանը:
Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ մենք շատերից ավելի լավ ենք գիտակցում, թե մարդիկ այսօր ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք փայփայում ենք անձնական փորձով ձեռք բերված այն իմացությունը, որ գոյապահպանմանը հաջորդում է վերածնունդ, և ձգտում ենք մարդկության մեջ սերմանել այդ հույսը։ Այդպես ենք վարվել անցյալում և կարողանալու ենք այդպես վարվել կրկին՝ միասին»,-նշում են կազմակերպիչները։
2020 թ. ապրիլի 24-ի առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն՝ հայերեն և ռուսերեն թարգմանությունների ապահովմամբ:
Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն այն մասնակիցներին, որոնք գրանցվել են Zoom-ի միջոցով: Միացեք առցանց քննարկմանը և օգնեք մեզ սփռելու երախտագիտության ուղերձը:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել նախարարությանը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան