«Իրավական ուղի». Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ իրավական գնահատական վարչապետի անթույլատրելի վարքագծին
«Իրավական ուղի» ՀԿ-ն անթույլատրելի է համարում ապրիլի 19-ի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրական դատարանի, ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, հանրային ծառայողների, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսների մասին, դրանց վերաբերյալ հայտնում խորը մտահոգություն:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն և թե՛ էթիկապես անհարիր են որևէ պաշտոնատար անձի, առավել ևս՝ Կառավարության ղեկավարին:
Յուրաքանչյուր պաշտոնատար անձ կաշկանդված է օրինականության սահմանադրական սկզբունքով և իրավասու չէ դուրս գալ իր պաշտոնական լիազորությունների շրջանակից կամ ապօրինություն չկատարելը ներկայացնել որպես «ձեռքբերում» կամ «առանձնաշնորհ»։
Կառավարության ղեկավարի ելույթը գնահատում ենք որպես բարեվարքության՝ օրենքով սահմանված պահանջների, ինչպես նաև հանրային բարոյականության կանոնների կոպիտ խախտում, անթաքույց ոտնձգություն դատական իշխանության անկախության, մամուլի ազատության ու հանրային ծառայության իրավական երաշխիքների նկատմամբ:
Հարկ ենք համարում փաստել, որ հակառակ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներին՝ Սահմանադրական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանների հարյուրավոր դատավորներ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը՝ լուծելով փաստերի և իրավունքի մասին վեճերը, հարյուրավոր լրագրողներ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը՝ մատուցելով համակողմանի ու անաչառ տեղեկատվության հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով։
Մինչդեռ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչը, պարտավորված լինելով օր առաջ ապահովել արտակարգ դրության հիմք ծառայած հանգամանքների հաղթահարումը և ըստ այդմ՝ արտակարգ դրության ուժով կիրառված մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումների վերացումը, փոխարենը դրսևորում է իրավունքին և էթիկային հակասող վարքագիծ:
Կոչ ենք անում իրավասու բոլոր մարմիններին անհապաղ պատշաճ իրավական գնահատական տալ այս անթույլատրելի վարքագծին՝ կասեցնելով պարբերական բնույթ ստացած խախտումների նոր դրսևորումները։ Իրավասու մարմինների անպատասխանատու անգործությունը հանգեցնելու է պետական ինստիտուտների անվերապահ ապալեգիտիմացմանն ու աստիճանական ինքնաոչնչացմանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան