ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, օրակարգում երկու հարց է
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրակարգում երկու հարց է, երկուսով էլ նախատեսվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ մտցնել։
Նրա խոսքով, օրակարգում ներառված են հարցեր, որոնք ունեն հակաճգնաժամային տրամաբանություն։
«Նախագծերով փորձում ենք մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները՝ տնտեսվարողների համար, և նպաստել նրանց հետագա զարգացմանը»,- տեղեկացրեց Բ. Թունյանը։
Պատգամավորը շեշտեց, որ բիզնեսը սպասում է նախագծերով առաջարկվող փոփոխություններին, և որքան արագ արվեն դրանք, այդքան ավելի լավ. «Եթե հասցնենք այսօր երկու ընթերցմամբ էլ ընդունել ներկայացված նախագծերը, շատ լավ կլինի»։
Օրենքը 24-ժամյա ռեժիմում ընդունելու առաջարկը ընդունվեց գրանցված բոլոր՝ 109 պատգամավորների կողմից։