Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, էս ի՞նչ քաոս է. Մարուքյան
«Վանաձորի «Գլորիա» արտադրամասի աշխատակիցները երեկ գնացել են աշխատանքի, ոստիկանությունը եկել և սկսել է նրանց նկատմամբ վարչական արձանագրություն կազմել և տուգանել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ապրիլի 11-ին վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերով ասել է՝ ապրիլի 20-ից Հայաստանում տեքստիլ ոլորտը կսկսի աշխատել։
«Ունենք իրավիճակ, որ պարետատան մակարդակում էլ է նույն հայտարարությունն արվել, որ մարդիկ ամսի 20-ից կարող են աշխատել։ Բայց մարդիկ գնացել են աշխատանքի, բռնել տուգանել են»,- ներկայացրեց նա։
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, վերոնշյալ կարի արտադրամասի աշխատակիցները որևէ սոցիալական աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանում.
«Հիմա ժողովրդի ասած՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում պատմություն է։ Էս ի՞նչ քաոս է։ Կամ որոշեք, ասեք չեն աշխատում, կամ ասեք՝ աշխատում են, որ իմանանք։ Եթե հայտարարվում է, որ պետք է մարդիկ աշխատեն, հետո ինչո՞ւ են գնում տուգանում։ Կամ գնում ասում են՝ թուղթ ունե՞ս, թե չէ։ Դա էլ դառնում է անիմաստ բյուրոկրատիա։ Ես հույս ունեմ, որ այս հարցը կկարգավորվի, վերջին հաշվով, խոսքը 2600 մարդու մասին է։ Եթե չեք թողնում աշխատեն, հասցեական աջակցություն տրամադրեք այդ մարդկանց, կամ էլ թողեք աշխատեն և մի տուգանեք»։
Է. Մարուքյանը կոչ արեց երեկ «Գլորիա» արտադրամասում արձանագրված բոլոր վարչական տույժերը չեղյալ հայտարարել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ անդրադարձավ նույն խնդրին՝ նշելով, որ այս դեպքում առաջնահերթ հարցն այն է՝ մարդիկ դուրս էին եկել փողոց և աշխատանք էին պահանջում՝ դեմ դիմաց կանգնած։
«Վրաստանում իրավիճակն այնպես չի հսկվում, ինչպես մեզ մոտ, որովհետև նրանք հասցեական ձևով չգիտեն՝ որտեղից է գալիս վարակը և այդ պատճառով չորս մեծ քաղաքներ փակեցին։ Իսկ այն, ինչ մենք երեկ տեսանք Վանաձորում, կարող է նմանատիպ իրավիճակ ստեղծել։ Իհարկե, գործարանը պետք է աշխատի, եթե կառավարության որոշում կա, և եթե անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են։ Բայց, այն, ինչ երեկ կատարվեց, անընդունելի է, քանի որ երկու շաբաթ հետո մենք վարակի մեծ թվեր կարող ենք ունենալ Վանաձորում, և իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»,- շեշտեց Իգիթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. «Գլորիա»-ի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել
- Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները դիմել են վարչապետին