Հայտնվել ենք «Տիտանիկ» նավի երաժիշտների դերում, նավը խորտակվում է, մենք նվագում ենք. Բագրատյան
Խորհրդարանն այսօր արդեն երկրորդ անգամ արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օերնքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ հարկային պարտավորությունների չկատարման համար նախատեսված տույժերը կրկնակի կնվազեցվեն՝ 0.0075%-ից հասնելով 0.004%-ի։ Բացի այդ, 500 հազար դրամի փոխարեն 1.5 մլն դրամից ավելի հարկային պարտավորության դեպքում միայն տնտեսվարողի գույքի վրա արգելանք կդրվի։
Մելքումյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը՝ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման հետ կապված տույժերը սառեցնելու մասին, մերժվել է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, կարևորելով նախագիծը, հայտնեց՝ իրենք առաջարկում էին, որ եթե տնտեսվարողը արտակարգ դրության ընթացքում չի աշխատել, հարկային պարտավորություններից ազատվի։
«Մարդը, որ հյուրանոց է կառուցել, բայց դա չի աշխատում, ի՞նչ անի այդ մարդը։ Միջազգային փորձին եթե նայենք, ապա ֆորս-մաժորային իրավիճակում բոլոր պայմանագրային պայմանավորվածությունները դադարում են գոյություն ունենալ։ Այս վիճակը շատ նման է հայտնի «Տիտանիկ» նավի վիճակին։ Հիմա մենք բոլորս այդ նավում ենք, և մեր նպատակն է, որ այն ավելի ուշ խորտակվի։ Էս համաշխարհային պանդեմիան շատ բան է խորտակելու։ Հիմա մենք նավավարին պիտի ասենք՝ աջ պահի, ձախ պահի, որ ժայռին չխփես։ Թե չէ նմանվել ենք «Տիտանիկ» նավի երաժիշտներին, նավը խորտակվում է, մենք նվագում ենք»,- ներկայացրեց Բագրատյանը։
Պատգամավորը շեշտեց, հիմա նավավարի դերում իշխանությունն է, որն էլ ասում է՝ եթե մեր քայլերը ձեզ դուր չեն գալիս, իջեք նավից. «Բայց ո՞ւր իջնենք, դիմացը ջուր է։ Մենք հիմա մեր առաջարկը չենք պնդում, հազիվ համաձայնության ենք եկել, հազվադեպ է լինում, որ իշխանությունն ու ընդդիմությունը լեզու են գտնում, էս օրենքի ընդունումից հետո նոր օրենք կբերենք։ Պատրաստվեք, որ չխորտակվենք»։