«Վեկտորը» հավաքագրել է կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստուգելու համար
«Վեկտորը» առանձնացրել է կամավորների խումբ, որոնք փորձարկելու են կորոնավիրուսի վարակի դեմ հայրենական արտադրության պատվաստանյութը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է «Վեկտորի» գիտաշխատող Նատալյա Դումչենկոն:
Այն ներառում է 18-60 տարեկան 60-70 մարդ՝ առանց քրոնիկ հիվանդությունների: Կամավորների մեծ մասը «Վեկտորի» աշխատակիցներ են, պատվաստանյութերի մշակողները, նրանք, ովքեր պատվաստանյութ են արտադրում և վերահսկում դրա որակը:
Կամավորների մեջ չեն լինի զինվորականներ, բանտարկյալներ, հղի ու կերակրող մայրեր և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք: Պատվաստումից ոչ ավելի, քան յոթ օր առաջ կանցկացվի լրացուցիչ հետազոտություն` որպեսզի հաստատվի նրանց մոտ վիրուսի հակամարմինների բացակայությունը:
Ըստ պլանի, թեստավորումները կսկսվեն 2020 թվականի հունիսից: Դրա համար պետք է թույլտվություն ստանալ Առողջապահության նախարարությունից, նախարարության ենթակայության էթիկայի հանձնաժողովից և կլինիկական հետազոտական կենտրոնից:
Դումչենկոն ինքն է ընդգրկվել կամավորների նախնական խմբի մեջ: Նա արդեն փորձարկել է ջրծաղկի պատվաստանյութը: