Բռնցքամարտիկների տրամադրությունը բարձր է,քանի որ վերջապես տանն են.մարզիչ
Ծանր գործ է սպորտում հեռավար աշխատանք կատարելը։ Այս մասին ասել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, փոխանցում է ՀԱՕԿ-ը:
«Առավելապես մտահոգում է պատասխանատվության զգացումը։ Բավական է մեկ-երկու սխալ և, ինչպես ասում են, աչքը բուժելու փոխարեն՝ հոնքն էլ են վնասում։ Բայց աշխատանք անպայման պետք է տարվի, ինչը արվում է Հայաստանի բռնցքամարտի հավաքականում»,-նշել է նա։
ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզչի տեղեկացմամբ՝ Լոնդոնում մարտին սկսված ու չավարտված միջազգային վարկանիշային մրցաշարին հայտավորված մեր բոլոր մարզիկները ընդգրկված են «տնային աշխատանքներում»։
«Իհարկե, յուրաքանչյուրն անհատական ծրագրով է առաջնորդվում։ Օրինակ՝ ախուրյանցի գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը պետք է ձերբազատվի անձնական քաշի ավելորդ կիլոգրամներից։ Այդ դեպքում կզարգանա նրա շարժումների արագությունը և, բացի այդ , ավելի վստահ կդառնան տեղաշարժերը ռինգում։ Նա կատարում է հիմնականում կարճ տարածության արագավազքեր։ Նրան հակառակ, աբովյանցի Նարեկ Մանասյանը / 91 կգ /, ընդհանուր ֆիզպատրաստականության և դիմացկունության որակները պահպանելու համար կատարում է երկար տարածությունների բացօթյա վազքեր և օգտվում է ուժային վարժասարքերից։
Գրոհային ոճի բռնցքամարտիկ է վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /։ Նրան առաջադրված է զարգացնել պաշտպանողական որակները ու դրան համապատասխան՝ ոտքերի աշխատանքը։
Մի խոսքով թիմի բոլոր տղաները նպատակային գործողությունների են կոչված։
Պարապ չեն մնում նաև մեր աղջիկները․ Անուշ Գրիգորյանը / 51 կգ / և Անի Հովսեփյանը / 69 կգ /։
Կաշվե ձեռնոցի վարպետները տեղերում, հիրավի, կատարում են հանձնարարականները։ Այս մասին վստահեցնում են սաների հետ աշխատանքները հեռակապով ղեկավարող անձնական մարզիչները։
Գլխավորը մեզ համար մարզիկների առողջությունը պահպանելն ու մարզումները ճիշտ ուղղությամբ տանելն է։
Բռնցքամարտիկների տրամադրությունը բարձր է։ Դրան նպաստում է հատկապես այն հանգամանքը , որ տևական բացակայությունից հետո վերջապես երկար ժամանակով գտնվում են տանը ՝ ընտանիքի հետ»,-ասել է Մեհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները