2020 թվականին կանխատեսվում է 46 մլն տոննա ցորենի պրոֆիցիտ. Էկոնոմիկայի փոխնախարար
ԵԱՏՄ երկրներում իրականացվել է ուսումնասիրություններ և 2020 թվականին կանխատեսվում է 46 մլն տոննա ցորենի պրոֆիցիտ։ Կառավարության մամուլի սրահում այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելով, որ ԵԱՏՄ պետությունների պահանջմունքները բավարարելուց հետո էլ այդքան ցորեն կարող են վաճառել այլ երկրների:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ երկրներում բանջարաբոստանային կուլտուրաների պահանջարկը կազմում է 1.38 մլն տոննա, իսկ Հայաստանն այդ կուլտուրաներով ինքնաբավ երկիր է և կարող է մտածել, թե որ շուկաներ կարող է մտնել:
Ըստ նրա, ԵԱՏՄ երկրներում կա նաև 8 մլն տոննա մրգի պահանջարկ, իսկ ահա շաքարի դեպքում կրկին պրոֆիցիտ կա, որը կազմում է 510 հազար տոննա:
Անդրադառնալով վարկերին՝ Արման Խոջոյանը նշեց, որ ԿԲ տվյալներով արդեն 13 հազարից ավելի հայտադիմում է եղել, որից 2943 հայտ է հաստատվել՝ ընդհանուր 4.32 մլրդ դրամ արժեքով:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ կառավարության առաջին միջոցառմամբ նույնպես գյուղատնտեսական 10 հայտ է բավարարվել՝ 694 մլն դրամ արժեքով:
«20 օրվա ընթացքում տրամադրվել է 20.7 մլրդ դրամի վարկ: 2020 թվականի հունվարից մինչև մարտի 31-ը տրամադրվել էր 1638 վարկ՝ 6,8 մլրդ դրամ ծավալով: Սա նշանակում է, որ 20 օրվա ընթացքում երկու անգամ ավելի շատ հայտ է բավարարվել, քան նախորդ երեք ամսում»,- հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարարը:
Անդրադառնալով գյուղատնտեսությանը ուղղվող միջազգային օգնությանը՝ Արման Խոջոյանը նկատեց, որ «Համայնքների գյուղատնտեսական տնտեսությունների և մրցունակության» ՀԲ ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել 30 վերամշակող կազմակերպության՝ արտադրողական կարողությունների վերազինման և սննդի ավտանգության պայմանների բարելավման համար: Աջակցության գումարը կազմում՝ 550 մլն դրամ:
««Կանաչ գյուղատնտեսություն-Հայաստան» ԵՄ ծրագրի շրջանակներում մեր երկրին կտրամադրվի 460 հազար եվրո՝ փոքր ծավալի տեխնիկայի ձեռքբերման նպատակով, որը կուղղվի Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերին»,-նշեց փոխնախարարը:
Ըստ Խոջոյանի, ՄԱԿ-ի զարգացման գործակալությունն էլ փոքր և միջին ձեռներեցներին 20 հազար դոլարի դրամաշնորներ կտրամադրվի՝ նրանց վերամշակման կարողությունների զարգացման համար: Հայաստանում երկու սառնարանային տնտեսություն կառուցելու համար էլ IFAD-ի կողմից կհատկացվի 550 հազար դոլար:
Փոխնախարարի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենի կազմակերպության հետ իրականացվում են նաև այլ ծրագրեր:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ անդրադարձավ պարարտանյութին՝ նշելով, որ ներկրման ծավալների կրճատում է գրանցվել, քանի որ Քութաիսիի գործարանը չէր աշխատում, սակայն ներկայում ներկրումներ են իրականացվում Իրանից ու Ռուսաստանից, իսկ մայիսից նախատեսվում է վերսկսել նաև Վրաստանից: