Ucom-ի նոր տնօրեն Արա Խաչատրյանը ուղերձով դիմել է աշխատակիցներին
Ucom ընկերության նորանշանակ տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը ապրիլի 21-ին դիմել է ընկերության բոլոր աշխատակիցներին։ Մեր տեղեկություններով, համաճարակով պայմանավորված, տնօրենն իր ուղերձը ձայնագրել և նամակով ուղարկել է Ucom-ցիներին։
«Մեծ պատրաստակամություն ու ցանկություն ունեմ հանդիպել բոլորիդ հետ, քննարկելու խնդիրներն ու հարցերը, որ գտնենք առաջ գնալու ամենաճիշտ ու արդյունավետ ձևերը։ Հարգելու եմ, ընդունելու եմ բոլորիդ որոշումները, բայց կխնդրեմ ձեզ մինչ որոշումների կայացումը հնարավորություն տալ բոլորիս միավորվելու ու էներգիան ուղղելու դեպի կառուցողական աշխատանքի», - իր ուղերձում ասել է Արա Խաչատրյանը։
Մեր տեղեկություններով, «միավորման ուղերձը» շատ դրական արձագանք է ստացել աշխատակիցների կողմից։ Ի պատասխան ուղերձի՝ ընկերության մոտ 500 աշխատակից նամակի միջոցով կիսվել են տնօրենի հետ իրենց գաղափարներով՝ պատրաստակամություն հայտնելով նոր ղեկավարին։
Կապ հաստատեցինք Ucom-ի լրատվական ծառայության հետ, այստեղ հաստատեցին՝ այո՛, վիդեոուղերձ եղել է, սակայն պաշտոնապես չմեկնաբանեցին։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, հիմք ընդունելով Ucom ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրավիրվել էր ընկերության Տնօրենների խորհրդի նիստ, որի ընթացքում հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։
Հավելենք, որ Արա Խաչատրյանը Ucom-ում «նոր մարդ» չէ։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր մեծամասնական բաժնետերերի հայտարարությունում, որպես Տնօրենների խորհրդի անդամ նա պաշտոնապես միացել էր ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։
Արա Սերգեյի Խաչատրյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Կոլումբիայի համալսարանում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. «Ucom» ընկերության շուրջ արտառոց ոչինչ չկա
- Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է
- Ucom. Վստահ ենք, որ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան