Գործարարներ. Օգտակար կլիներ, եթե թեթևացվեր պետական բյուրոկրատիան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ապրիլի 21-ին հրավիրեց այս ամսվա արդեն երրորդ նախագահության ընդլայնված հեռավար նիստը՝ քննարկելու համար թագավարակով պայմանավորված տնտեսությունում ստեղծված իրավիճակը, խնդիրների հաղթահարմանն ուղղված գործադիրի իրականացրած ծրագրերի ընթացքը, տարբեր ոլորտներում կուտակված խոչընդոտերը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։
Ըստ տարածած հաղորդագրության, մասնակիցներն արձանագրել են, որ ներկայումս գործադիրի աջակցությունը գերակշիռ մասով ունի սոցիալական, և ոչ թե տնտեսական ուղղվածություն։ Մինչդեռ գործատուների առջև այսօր ծառացած գլխավոր հիմախնդիրներից է աշխատատեղերի պահպանումը։ Կառավարության օժանդակությունների ուղղությունը պետք է լինի դեպի գործարարությունը՝ ուղղակի, հարկերի հետաձգման և այլ եղանակներով։ Ստանալով լրացուցիչ ռեսուրսներ՝ գործատուները կկարողանան պահպանել աշխատատեղերը, ինչը պետությանը հետագայում կազատի լրացուցիչ սոցիալական բեռից։
Գործարարները խնդիրներ ունեն սպասումների և կանխատեսումների ձևավորման առումով, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ընդհանուր տնտեսության վրա։ Անհրաժեշտ է, որ գործարարներն ու պետական կառույցները համատեղ ուժերով սպասուներ ձևավորեն, կանխատեսելիություն ապահովվի։ Ներկա պահին համատարած անորոշություն է, ինչը տնտեսվարողին ծանր կացության մեջ կարող է գցել։
Այս անորոշությունն անդրադառնում է նաև շինարարական մրցույթների կազմակերպման վրա․ կառուցապատողները դժվարանում են գնային առաջարկներ անել։
Իբրև օրախնդիր՝ շեշտվել է բանկային համակարգի զգուշավորությունը վարկեր տրամադրելու գործում։ Վերջինս իր հերթին պայմանավորված է վարկառուների՝ հետագայում վճարունակության անորոշությամբ։
Բավականին լուրջ խնդիրներ են ծագել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընկերություններից շատերը կորցրել են դրսի իրենց պայմանագրերն ու պատվերները, մեծ վնասներ են եղել նաև ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով։ Բարդություններ են ծագել աշխատակիցներին վճարելու, պահելու հարցում, ինչն, ինքնին, լուրջ կապիտալ է։
Ըստ ելույթ ունեցողների՝ օգտակար կլիներ, եթե թեթևացվեր պետական բյուրոկրատիան։ Պակաս կարևոր չէ պետության աջակցությունը ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ նաև պետական գործառույթի առավելագույն թեթևացմամբ, ընթացակարգերի պարզեցմամբ։
Ընդգծվել է, որ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի պատական մարմիններն ուշադրություն դարձնեն, ժամանակին պատասխանեն տնտեսվարողների բարձրացրած խնդիրներին։
«Ինչ խոսք, առկա է կառավարության քայլերի ազդեցության արդյունավետության բարձրացման խնդիր։ Թե բանկային, թե տնտեսության ոլորտներն ունեն գործադիրի անմիջական ուղղորդման և աջակցության կարիքը։ Պետութունը պետք է խիստ պահանջներ դնի և կարգավորումներ տա՝ ավելացնելով դեպի տնտեսություն ուղղվող ռեսուրսները։ Մինչ օրս իրականացված ծրագրերը որոշակի արդյունքներ տալիս են, սակայն ճգնաժամի հետևանքները կասեցնելու, համակարգային լուծներ տալու համար դրանք բավարար չեն»,-ամփոփիչ խոսքում նշել է միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տուրիստականներն անորոշության մեջ են, քանի որ պետությունը ոլորտին լուրջ մոտեցում չի ցուցաբերել
- Գագիկ Մակարյան. Կառավարության ծրագրերի քանակը շատ է, հնչողությունը լավն է, բայց հասանելիությունը շատ քիչ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան