«Ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում մենք կդառնանք գյուղմթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը»
Կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին կա մտավախություն, որ Հայաստանը կարող է կանգնել պարենային խնդրի առաջ։ Այդ է պատճառը, որ իշխանությունների կողմից հնչում են գյուղատնտեսությանը զարկ տալու և գյուղմթերքի առումով ինքնաբավ երկիր դառնալու կոչեր։
Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի աշնանը առաջին անհրաժեշտության մթերքի դեֆիցիտ չլինի, իսկ գյուղացին էլ չկանգնի մթերման խնդրի առաջ։ Այս և այլ հարեցրի շուրջ Panorama.am-ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։
Վերջինիս խոսքով, ոլորտի ամենաառաջնային խնդիրը գյուղատնտեսական շուկայի կարգավորումն է, որովհետև մեզ մոտ այն շատ տարերայնորեն է կարգավորվում։ Եվ քանի որ երկրի շուկան փոքր է, արտադրողներն էլ միմյանց ճանաչում են, երբեմն շատ չհիմնավորված գներ են առաջանում։
«Օրինակ, հենց այս պանդեմիայի ժամանակ մի պահ ցորենի գինը հասավ մինչև 250 դրամի, ու եթե հանկարծ ներմուծում չլիներ, ալյուրի մեկ պարկի գինը կհասներ մինչև 20 հազար դրամի»,- ասաց Մնացականյանը։
Նրա կարծիքով, երբ շուկան կարգավորվի, և լոգիստիկ կազմակերպություններ լինեն, որոնք գյուղացիներից կմթերեն ապրանքը և կտեղաբաշխեն շուկայում, այդ ժամանակ շուկան ավելի ճկուն կլինի ու ավելի լավ կարձագանքի իրավիճակին։ Այդ դեպքում, օրինակ՝ վարունգի ավելացուկ չի լինի, քանի որ լոգիստիկ կազմակերպությունը գյուղացուց կոնկրետ քանակով վարունգ կուզի, և մթերքի գերարտադրություն չի լինի։
Իսկ այս պահին գյուղացին չգիտի՝ ինչ և ինչքան արտադրել, որ ոչ մթերքի ավելցուկ լինի, ոչ էլ դեֆիցիտ առաջանա։
«Սխտորի օրինակով եթե վերցնենք, ապա այն 2-3 տարի 3000 դրամով էր վաճառվում, հետո գերարտադրություն եղավ, բոլորը սկսեցին սխտոր աճեցնել, գինն իջավ մինչև 400 դրամ, հետո նորից դեֆիցիտ եղավ։ Ու շատ գյուղմթերքների դեպքում էս ցիկլը կա՝ կարդիոգրամայի աշխատանքի նման բարձրանում-իջնում է։ Իսկ դա խանգարում է արտահանման գործընթացին, քանի որ արտահանողը երբ տեսնում է՝ մթերքն էժան է, պայմանագրեր է կնքում, մի քանի մեքենա մթերք տանելուց հետո ապրանքի գինը կտրուկ բարձրանում է, ինչը ձեռնտու չէ արտահանողի համար»,- ներկայացրեց Մնացականյանը։
Դիտարկմանը, որ հաճախ են կարծիքներ հնչում, թե պետությունը պետք է պայմանագիր կնքի գյուղացիական տնտեսությունների հետ՝ երաշխավորելով, որ պատրաստ է գնել արտադրանքը, Մնացականյանն արձագանքեց՝ դա ամենամեծ սխալը կլինի, երբ կառավարությունը փորձի գյուղմթերք գնել գյուղացիներից։
«Դա կլինի երկրի գյուղատնտեսության լճացման առաջին քայլերից մեկը։ Պատկերացրեք, եթե գյուղացին վստահ լինի, որ ինչ աճեցրեց, կառավարությունն իրենից գնելու է, դա ապրանքի որակ չի ապահովի, մրցունակությունն էլ բավականին կընկնի, և հետագայում արտահանման մասին խոսք լինել չի կարող։ Բացի այդ շատ արտադրանքների մասով գերարտադրություն կլինի, պետությունը այդ անպետք ապրանքի համար գումար կտա։ Իսկ հետագայում դա կհանգեցնի գյուղատնտեսության ճահճացման։ Այլ բան է, եթե սննդամթերքի պետական պահուստում ցորենի որոշակի պաշար անընդհատ թարմացվի։ Բայց այլ պարտավորություն՝ գյուղմթերքը գնելու համար, պետությունը չպետք է ստանձնի, դա կլինի ազատ մրցակցության ոչնչացում»,- շեշտեց Մնացականյանը։
Հարցին՝ որքանո՞վ է համավարակը ազդել գյուղատնտեսական աշխատանքների վրա, Մնացականյանը պատասխանեց՝ հատիկաընդեղենի մշակումն անցած տարիների համեմատ ավելացել է։
«Այնքան մարդիկ կան, որ նախորդ տարիներին ոչինչ չէին մշակում, բայց այս տարի փորձել են ցանք անել, և գարնանացանի ծավալները, օրինակ՝ Կոտայքի մարզում և Արցախում, ավելացել են։ Հայաստանը մինչև 300 հազար տոննա հացահատիկ է ներմուծում, և եթե մեզ մոտ շատ արտադրվի, ապա մթերքի ավելցուկի խնդիր չենք ունենա։ Օրինակ՝ այժմ հարևան Իրանը հատիկաընդեղենի դեֆիցիտ ունի, իսկ մենք ոչ մի խնդիր չենք ունենալու։ Մեզ մոտ սիսեռ և ոսպ գրեթե չի արտադրվում, եթե դա արտադրվի, ապա տեղական շուկայում հանգիստ կիրացվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, Հայասանը կարող է ինքնաբավ դառնալ նաև կարտոֆիլի առումով։ Օրինակ, նախորդ տարի 4000 տոննայից ավելի կարտոֆիլ է ներմուծվել, և եթե այս տարի կարտոֆիլի ցանքի ծավալները մեծանան, ապա կարող ենք այդ առումով ինքնաբավ դառնալ.
«Արդեն քանի ամիս է շուկայում տեղական գազար գոյություն չունի, ներմուծում ենք։ Ու գյուղատնտեսներն ինչքան աճեցնեն, այդքան կսպառվի։ Նույնը սոխի մասին է, քանի որ տեղական արտադրանք չկա։ Բացը շատ է, ու որքան արտադրենք, ավելցուկ չի լինի»։
Հայաստանում գյուղատնտեսական նշանակության 450 հազար հեկտար հող կա, որից օգտագործվում է ընդամենը 250 հազար հեկտարը։ Այսինքն՝ 200 հազար հեկտար հող ազատ է, և հնարավոր է մշակել։ Դրա համար, ըստ Մնացականյանի, նախ պետք է տարանջատում արվի՝ այդ հողերի որ մասն է անջրդի, որ մասը՝ ջրովի, որտեղ ինչ մշակաբույս է պետք աճեցնել, որ առավելագույն արդյունք լինի։
«Գյուղացի-պետություն համագործակցությամբ և պետության ճիշտ ուղղորդմամբ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի»,- շեշտեց Մնացականյանը։
Ըստ նրա, ամբողջ աշխարհն այսօր գնում է ցածր ինքնարժեքի, և եթե մեր պետությունը չգնա ինքնարժեքի իջեցման, չօգնի գյուղացուն, ապա գյուղատնտեսական ոլորտը չի զարգանա։ Իսկ ինքնարժեքի իջեցման համար առաջին հերթին պետք է զոնավորում արվի, որպեսզի հասկացվի՝ որ գոտում ինչ աճեցնել, որ արդյունքն էլ ավելի լավը լինի.
«Դրանից հետո արդեն պետք է մշակաբույսերի տեղայնացման գործընթաց սկսվի՝ սելեկցիոն կայանների և սերմնաբուծարանների միջոցով, որպեսզի մենք ստանանք տեղանքին հարմարեցված սորտեր։ Մենք ունենք գյուղատնտեսության համար շատ լավ տեղանք, շատ լավ հողեր, շատ լավ կլիմա և մեծ քանակությամբ ջրեր։ Մեզ պետք է ընդամենը ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործել։ Այդ դեպքում մենք կդառնանք գյուղմթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում այս տարի հիմնական պարենամթերքի տեսակների մասով կունենան ինքնաբավության բարձր մակարդակ
- «Պետություն-բիզնես-գյուղ համագործակցության շնորհիվ պարենային անվտանգության կապահովվի». քննարկում