«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել է հացադուլի. ԲՀԿ
«Մենք հենց նոր «Վանաձոր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ 20 անձինք դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորն ասաց, որ մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, և ենթակա չեն սահմանափակման որևէ պատճառով և որևէ դեպքում.
«Ցանկացած հայի կյանքը մեզ համար թանկ է, ես խնդրում եմ արագ արձագանք՝ իրավասու մարմինների կողմից, որպեսզի պարզվեն հացադուլի պատճառներն ու հանգամանքները։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են, և նրանց ուղեկցում է անմեղության կանխավարկածը»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ հացադուլավորները ավելանալու են, եթե ժամ առաջ քայլեր չձեռնարկվեն։
««Արմավիր» ՔԿՀ-ում 12 դատապարտյալների հարազատներ գրավոր դիմել են ինձ, նաև ՔԿՀ պետին, որ հրաժարվում են տրամադրվող սննդից։ Հարցը ես բարձրացրել եմ ամբիոնից։ Գիտեք, անհասկանալի է, եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուկով միրգ և քաղցրավենիք ուղարկել դատապարտյալներին, այդ դեպքում ինչո՞ւ են թույլ տալիս քարտ ունեցող կալանավորին քրեակատարողականի կողքի բուդկայից նույն միրգն ու քաղցրավենիքը գնել։ Այսինքն՝ այստեղ կա անհամաչափություն։ Եթե ծնողները հանձնուկ են բերում, դրա միջից հանում են չոր քաղցրավենիքն ու միրգը, էդ դեպքում ինչո՞ւ են քարտ ունեցողներին տալիս հնարավորություն՝ նույն քաղցրավենիքը գնելու»,- ասաց Ն. Զոհրաբյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև հղիներին տրամադրվող կառավարության աջակցության ծրագրին. «Հղիների աջակցության ծրագիրը կիսահղի է։ Այն հղի մանկավարժը, ով 27 հազար դրամ աշխատավարձ է ստանում, չի համարվում ծրագրի շահառու, բայց իր հարևանուհին, ում ամուսինը պայմանագրային զինծառայող է, համարվում է ծրագրի շահառու։ Էդքան շատ չեն հղիություն ունեցող կանայք, եկեք այս հարցում ևս տարբերակված մոտեցում չցուցաբերենք»։