Առաջարկվում է ներդրողներին հնարավորություն տալ՝ անձամբ որոշելու շահութահարկ վճարելու ժամկետը
«Առաջարկում ենք, որ բոլոր տնտեսվարողներին հնարավորություն տրվի որոշելու՝ ինչ ժամկետում ծախսագրումներ իրականացնել և շահութահարկ վճարել»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, օրինակ՝ սարքավորումներ է գնում, շենք է կառուցում, նա չի կարող այդ ծախսը տվյալ տարում մինագամից ծախսագրել։ Առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, օրինակ՝ համակարգչային տեխնիկայի համար 1 տարի է սահմանված, արտադրական սարքավորումների համար՝ 5 տարի, շենքերի և շինությունների համար՝ 20 տարի.
«Եթե ինչ-որ մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, նա չի կարող այդ գումարը հենց նույն հարկային տարում ծախսագրել՝ որպես ծախս, իր եկամուտները պակասեցնել, և ըստ այդմ՝ ավելի քիչ շահութահարկ վճարել։ Նա պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս»։
Սակայն, ըստ Բ. Թունյանի, «Հարկային օրենսգրքում» ծախսագրման հետ կապված կա 1 բացառություն՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի դեպքում տնտեսվարողը կարող է ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում ծախսագրումներն իրականացնի։
«Այս դեպքում տնտեսվարողն ավելի ճկուն է դառնում, և կարողանում է սկզբնական շրջանում որոշակի գումար կուտակել, այսինքն՝ քիչ շահութահարկ վճարել»,- ներկայացրեց Թունյանը։
Պատգամավորի խոսքով, այժմ բոլոր տնտեսվարողներին պետք է հնարավորություն ընձեռվի օգտվել վերոնշյալ հնարավորությունից, եթե վերջիններս ներդրում են իրականացրել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը.
«Սա մոտիվացնելու է, որպեսզի տնտեսվարողները, որոնք նպատակ ունեին ներդումներ անել եկող տարիներին, այդ ներդրումները կատարեն հիմա։ Ու տնտեսվարողն այդ արդյունքը զգալու է ոչ թե այս, այլ հաջորդ տարվա ընթացքում, քանի որ հարկն, այսպես թե այնպես, վճարվելու էր հաջորդ տարի»։
ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք պետք չէ ոլորտային սահմանափակումներ ներդնել։
Պատասխանելով հարցին՝ Բ. Թունյանը նշեց, որ ոլորտային սահմանափակումների հարցն ի սկզբանե քննարկվել է, անգամ առաջարկ է եղել, որ, օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի վրա օրենքը չտարծվի։
«Բայց իմ կարծիքով, հակառակը, եթե հանքարդյունաբերական ընկերությունը խոշոր ներդրում է անելու, սարքավորումներ է ներկրելու, նշանակում է, որ այդ ներդրման արդյունքում նա նաև բնապահպանական վնասներն է պակասեցնելու»,- ասաց Թունյանը։
Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ նշեց, որ ներդրումները խթանելու առաջարկը լավն է, հատկապես տնտեսական այս ծանր իրավիճակում, սակայն նախագծի արդյունավետությունը գնահատելը բարդ կլինի.
«Ես կուզեի լսել Ձեր կարծիքը՝ ո՞րն է լինելու նախագծի արդյունավետության գնահատման չափորոշիչը»։
Թունյանն էլ արձագանքեց, որ այժմ խոսվում է ներդրումների խթանման մասին։
«Եթե մենք ունենանք որոշակի ծավալի ներդրումներ, հետո ինտուիտիվ դժվար է լինելու պատասխանել հարցին, թե նախաձեռնությունը որքանով է նպաստել այդ ներդրումների հոսքին։ Կարծում եմ, որ նախագիծն իր դերը կունենա։ Ամեն դեպքում, մենք նախագծով հարկային արտոնություն չենք տալիս, այսինքն՝ տնտեսվարողին հարկից չենք ազատում, կամ որևէ օգնություն չենք տրամադրում։ Մենք իրեն ընդամենը հնարավորություն ենք տալիս, որ ինքը կառավարի իր ֆինանսական հոսքերը և հարկը վճարի մի քիչ ավելի ուշ, կամ շուտ»,- ընդգծեց Բ. Թունյանը։