Ատոմ Ջանջուղազյան. Պարտքի ավելացումն անխուսափելի է
«Անխուսափելի է պետական պարտքի մեծության փոփոխությունը»,- կառավարության նիստին հետևած ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, իրենք այս պահին ծախսերի սպասարկման համար առավելագույն իրատեսական սցենար պետք է նախատեսեն։
«Բացի պարտք ներգրավելուց շատ այլընտրանքներ չունենք այդ ծախսերը ֆինանսավորելու համար։ Հետևաբար ողջամիտ մոտեցումն այն է, որ այնքան ծախսեր իրականացնենք, ինչքան կարող ենք ֆինանսավորել և տնտեսությունը ինչքան կարող է կլանել։ Դրա մյուս կողմում պարտքի ներգրավման գործոնն է, անտրամաբանական կլինի, որ պարտքը ներգրավենք ու սկսենք սպասարկել այն, բայց դրա դիմաց նախատեսված ծախսերը չիրականացնենք»,- ասաց նա։
Կառավարության նիստում ներկայացված ու քննարկված սցենարով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում, այն լրացնելու համար գործադիրում դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկային միջոցների ներգրավումը։
«Պարտքի ավելացումն անխուսափելի է, բայց ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որը պարտադիր է դարձնում այդ ճանապարհով միջոցառումների իրականացումը՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին»,- նշեց նա։