Բարեկամավանում ուսուցչի կողմից հայտնաբերված կոթողը թանգարանացման կարիք ունի
Տարիներ առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը տան պատերի միջից հայտնաբերել է մի գտածո, որը տեղափոխվել է եկեղեցու բակ։
Panorama.am-ի հետ զրույցում Յ.Չիթչյանը պատմեց հետևյալը. «Իմ քեռին դա բերել էր մեր հանդամասից, որը հին գյուղատեղի է ու պատի մեջ դրել։ Ես չէի էլ տեսել։ Հետո երբ տեսա, հասկացա, որ թանկարժեք բան է։ Ասում եմ՝ էս ինչ ես արել։ Նա էլ անգրագետ մարդ է, էլի։ Հետո այն հանեցինք պատի միջից։ Հիմա եկեղեցու բակում է»։
Նա նշեց, որ մասնագետներ չեն եկել, չեն ուսումնասիրել, բայց ինքը գիտի, որ հնություն է։
«Այստեղ շատ հնավայրեր կան, երկար ժամանակ է պետք ուսումնասիրելու համար»,- ասաց արդեն թոշակառու պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը։
Ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Դանիելյանը գրել է. «Բարեկամավան -Barekamavan էջը հրաշալի գտածո է հրապարակել, որն անծանոթ էր ինձ և շատ շատերի։
Գտածոն հայտնաբերվել է հին տան պատերի մեջ, տեղափոխվել գյուղի եկեղեցու բակ։ Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել, և թանգարանացնել այս հրաշալի կոթողը։ Ֆելզիտային կրաքարը բավականին հեշտ ու արագ քայքայվում է խոնավությունից։
Վերջապես այս կոթողը, այն էլ այսպես բարձրարվեստ քանդակով և արձանագրությամբ, բացառիկ է պահպանվածների մեջ։ Շնորհակալություն Մարիամ Ղարագյոզյան-ին լուսանկարները հանրայնացնելու համար։
Լուսանկարները՝ Սյուզաննա Ղարաքեշիշյանի։
Ի․Գ. ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»։
Նրա գրառմանն արձագանել է հնագետ Համլետ Պետրոսյանը՝ գրելով. «Միանշանակ կոթող է... Արձանագրությունը. «Վա/րազ/ թա/[գաւոր՞]»:
ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Զարուհի Հակոբյանը գրել է. «Հոյակապ կոթող է, նաև արձանագրություն ունի, որը հազվադեպ է լինում: Որպես կոթողներով զբաղվող մասնագետ շատ հետաքրքրված եմ: Պետք է այն թանգարանային պահպանության հանձնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա