Ընդունվեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:
Հարցը զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատեց, որ ունենալով հանցավորության աստիճանի համեմատաբար ցածր մակարդակը՝ Հայաստանում ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ:
Նախարարը տեղեկացրեց, որ վարչապետի 2020 թվականի փետրվարի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը լրամշակել է ռազմավարության և եռամյա գործողությունների ծրագրի նախագիծը, ինչպես նաև նախագծի վերաբերյալ իրականացրել հանրային քննարկումներ։
Բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրով նախատեսվում է ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում, հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը:
Ռազմավարության հիմնական նպատակն է բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով:
Այս նպատակներին հասնելու համար սահմանվել են գերակայությունները.
1. Ոստիկանության կառուցվածքային փոփոխություններն ու գործառույթների հստակեցումը, ինչպես նաև նոր նախարարության ստեղծումը,
2. Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը,
3. Քրեական ոստիկանության զարգացումը և արդյունավետ նախաքննությունը,
4. Ոստիկանության զորքերի ապառազմականացումը և Հասարակական կարգի պահպանությունը,
5. Համայնքային ոստիկանության վերաիմաստավորումը,
6. Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կադրերի պատրաստումը և մասնագիտական զարգացումը,
7. Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերը,
8. Միջազգային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը,
9. Ոլորտի թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Ռուստամ Բադասյանը նկատեց, որ կարևորելով ոստիկանության ոլորտում բարեփոխումների և համակարգի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման նշանակությունը՝ մշակվել է ռազմավարության և գործողությունների ծրագրերի հանրային հաղորդակցության պլան: