Արցախի նախագահ. Ասո Թավիթյանն իր ողջ կյանքում ապրել է հայրենիքի հոգսերով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Ասո Թավիթյանի մահվան մասին։
Ասո Թավիթյանն իր կյանքի և գործունեության ողջ ընթացքում ապրել է հայրենիքի հոգսերով, մեծ աշխատանք է տարել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապմնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայության շահերը տարբեր երկրներում պաշտպանելու ուղղությամբ:
Նրա համար յուրահատուկ նշանակություն ուներ Արցախը, որտեղ իր անմիջական մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնց շարքում առանձնակի կարեւորություն ունի կրթական ոլորտը: Բարերարի աջակցությամբ տասնյակ արցախցիներ որակյալ կրթություն են ստացել աշխարհի առաջատար բուհերում:
Ասո Թավիթյանի հայրենանվեր գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի եւ ընդօրինակման:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ
- «Շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը». վարչապետ