Չալաբյան. Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Նա գրում է.
«Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, և դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։
Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում են համագործակցության պայմանագրերը Արցախի բնակավայրերի հետ, Հայաստանի գործող իշխանությունը նախընտրում է դա անուշադրության մատնել։ Երբ բարեկամական Իտալիայի կառավարությունը հայտարարություն է անում Արցախյան կարգավորման մասին, որում այլևս չի նշվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրա մասին նախընտրում են չխոսել։ Երբ ևս բարեկամական Կանադայի ԱԳՆ-ն դատապարտում է Արցախում տեղի ունեցած ընտրությունները, դա ներայացվում է որպես մանր թյուրիմածություն։ Էլ չեմ ասում Ուկրաինայի, Վրաստանի, և նաև այն երկրների արձագանքները, որոնք մեր նկատմամբ առանձնապես բարեկամական տրամադրությամբ մինչ այժմ աչքի չեն ընկել։ Իրականում, դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել, համարյա բոլոր ուղղություններով, չկա գեթ մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որն այս ընթացքում ուժեղացրել է իր հայանպաստ դիրքորոշումը։
Մենք հաճախ հակված ենք մեր դժբախտություններում մեղադրել արտաքին ուժերին, նրանց ուխտադրժությունը, մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, և այլն։ Մենք հազվադեպ ենք մեզ հարց տալիս՝ ի՞սկ ինչու է այդպես տեղի ունենում, ի՞նչն ենք մենք ինքներս սխալ անում։ Ինչու մեկ տարվա ընթացքում, ունենալով հրաշալի շանս նոր էջ սկսել բազմաթիվ երկրների հետ հարաբերություններում, ամրապնդել մեր միջազգային դիրքերը, ներկայանալ որպես տարածաշրջանում առաջընթացի և զարգացման առաջամարտիկ, հուսալի գործընկեր, կայուն դաշնակից, մենք հասել ենք այն օրվան, երբ նույնիսկ մեր մերձավոր դաշնակիցները սկսում են երես թեքել մեզանից։
Հայաստանի ցանկացած իշխանություն՝ սև, սպիտակ, թե մանուշակագույն, առաջնային պարտականությունն է այսօրվա բարդ աշխարհում զարգացնել հարաբերությունները մեր երկրի նկատմամբ դրական տրամադրված բոլոր պետությունների հետ, դրանով ուժեղացնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, դրանով էլ հասնել մեր համառ առանցքային հարցերում հայանպաստ տեղաշարժերի, և ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ հաճախ անդառնալի, և որտեղ պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն, և նաև համապատասխան ռեսուրսներ։ Եթե այդ ամենը չի բավարարում գործող իշխանությանը, այն պետք է առնվազն գիտակցի սեփական սահմանափակումները, և փորձի այլ ուժերի հետ մտնել անկեղծ և շահագրգիռ երկխոսության մեջ՝ հայության հավաքական ներուժը երկրի միջազգային դիրքի ամրացմանը և անվտանգությանը ծառայեցնելու նպատակով։
Երեկ մեր կուսակցության Խորհուրդը հայտարարություն է ընդունել այս կապակցությամբ, ըստ էության վերահաստատելով նախկինում մեր արտահայտված մոտեցումները, սակայն էապես կոշտացնելով մեր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։ Մեր ժամանակը անվերջ չի, և դիվանագիտական հարթության մեջ իրական շրջադարձը պահանջում է հայությունից ուժերի առավելագույն լարում։ Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա, և վերջապես առիթ կհանդիսանա՝ դադարեցնելու երկիրը մաշող ներքին երկպառակությունը, լայն երկխոսություն սկսելու հասարակության տարբեր հատվածների հետ, և վերակազմավորելու մեր ուժերը՝ երկրի առաջ կանգնած դժվարագույն խնդիրները լուծելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովի վերջին հայտարարությունը մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում.Ղուլյան
- Վիտալի Բալասանյան. Մենք մերժել և մերժում ենք Արցախի խնդրի լուծման փուլային տարբերակը
- Սուրեն Սարգսյան. Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին
- Անժելա Էլիբեգովա. Նախկինում էլ այդ առաջարկը եղել է, բայց հեռատեսական չէր համարվում ու սպառնում էին պատերազմով
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կամ Հայաստանի իշխանությունը ստում է, կամ բանակցություններն ընթանում են առանց հայկական կողմի
- Բեքարյան. Եթե ԱԳ նախարարը չի հեռանում կամ հեռացվում, կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է
- Լավրով․ ԼՂ հարցով քննարկվող փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին