Ջանջուղազյան. Եկամուտների նվազեցումը անխուսափելի է
Կորոնավիրուսի հետևանքով բացասական զարգացումներին, ազդեցություններին արձագանքելու համար Հայաստանը փոփոխություններ է իրականացնում 2020 թ բյուջեում։ Կառավարության նիստի ավարտից հետո ասուլիսում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց՝ հայտնի է, որ շուրջ 150 մլրդ դրամի միջոցառումների ծրագրեր են քննարկվում։
«Առաջարկում եմ գումարի վրա չկենտրոնանալ, քանի որ դրանք իրենց տակ ունեն բովանդակություն, նախատեսվում է, որ դրանից մոտ 25 մլրդը օգտագործվի սոցիալական բնույթի խնդիրների մեղմման համար, 25 մլրդը՝ տնտեսվարողների ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանն աջակցելու համար, մոտ 80 մլրդ դրամը՝ ավելի երակրաժամկետ ռազմավարական ծրագրերին ծառայեցնելու համար, ենթադրում եմ, որ մոտ 20 մլրդ դրամ էլ պահուստային միջոցներ են, որոնք հընթացս կբաշխվեն»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով, կառավարության այսօրվա նիստում ներկայացրած սցենարը ենթադրում է, որ 2020-ին Հայաստանը բյուջեի հիմքում ընկած 4.9 տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենա 2 տոկոս անկում։
«Համենայն դեպս կանխատեսումները թույլ են տալիս նման եզրահանգման գալ, դա նաև հանգեցնում է անվանական համախառն մեծության փոփոխության, ինչն իր հերթին բերում է բյուջետային որոշ ցուցանիշների վերանայման»,- մանրամասնեց Ջանջուղազյանը։
Ըստ նրա, եթե 7 տրիլիոն 95 մլրդ դրամ է կանխատեսված 2020 թ. Բյուջեի մասին օրենքի բացատրագրում, ապա այս զարգացումների հետևանքով կանխատեսվում է, որ կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ։
Սրանով էլ պայմանավորված կվերնայվեն նախ հարկային մուտքերը, որն ամենամեծ տեսակարար կշիռն ունի՝ 94 տոկոս բյուջեի ընդհանուր եկամուտների կազմում։
«Եկամուտների վերանայումը նվազեցման առումով անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ այդ եկամուտներն առաջանում են տնտեսությունից։ Տնտեսության նվազման կանխատեսումը հանգեցնում է եկամուտների նվազեցման կանխատեսման։ Գնահատված է շուրջ 169 մլրդ դրամով պակաս եկամուտների ստացում, քան նախատեսված էր»,-նշեց նա։
Ֆինանսների նախարարի խոսքով, չնայած դրան, կառավարությունը չի դիտարկում ծախսերի կրճատման սցենար, քանի որ համոզված են, դա ավելի կխորացնի խնդիրը։
«Որպես ընդլայնողական քաղաքականություն, դիտարկում ենք ծախսերի առնվազն պահպանումը նույն մակարդակի։ Եթե ուշադրություն դարձնեք, շրջանառության մեջ դրված նախագծով ծախսերը հաշվարկված են 1 տրիլիոն 855 մլրդ դրամ, ի սկզբանե ծրագրային ցուցանիշի համեմատ ընդամենը 5 մլրդ-ով է պակաս»,- ներկայացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի