Ռադայի պատգամավորը քննադատել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նամակի կապակցությամբ
Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Վասիլի Բոդնարը նամակ է հղել ուկրաինացի պաշտոնյաներին՝ խնդրելով զերծ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարիա Վոլոդինան՝ սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով պաշտոնյայի նամակի պատճենը: Այս մասին գրում է analitikaua.net-ը:
Նամակում, մասնավորապես, դիվանագետը ուկրաինացի պաշտոնյաներին խնդրել է զերծ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներին մասնակցելուց և հրաժարվել այս տերմինն օգտագործելուց:
Պատգամավորը նշել է, որ նա, որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ, չի կարող լռել սրա մասին:
«Իմ տեղեկություններով, արտաքին գործերի նախարարությունը նման «երջանկության նամակներ» էր ուղարկում պետական մարմիններին դեռևս Պորոշենկոյի ժամանակ։ Ինչպես ես հասկանում եմ, փոխնախարարը որոշել է շարունակել այս ավանդույթը», - նշել է Վոլոդինան:
Գերագույն Ռադայի պատգամավորը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան և այլն:
Դարիա Վոլոդինան կարծում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պետք է զերծ մնա նման նամակներից՝ լիակատար հարգանքով վերաբերվելով Ուկրաինայի ռազմավարական գործընկերներին:
Ըստ Վոլոդինայի, Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով խորհրդարանական խմբի անդամները մտադիր են պահանջել հետ կանչել այս նամակը, և հնարավոր է պաշտոնյայի նկատմամբ ծառայողական հետաքննություն իրականացնել: