ԱՕԿ. Հայաստանը պետք է ձևավորի հայ-թուրքական երկխոսության նոր օրակարգ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով:
Հայտարարության մեջ ասված է.
«Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ միլիոնից ավել անմեղ կյանք, այլև մեր պատմական հայրենքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։ Մեր ազգը մինչև հիմա չի վերականգնվել Ցեղասպանության հասցրած ծանրագույն հարվածից, մեր պատմական հայրենիքի մեծ մասը շարունակում է մնալ ավերակների մեջ օտարի իշխանության տակ, իսկ Ցեղասպանությունը վերապրողների սերունդներն էլ ցրված են աշխարհով մեկ՝ զրկված սեփական հայրենիքում ապրելու բնատուր իրավունքից։
Չունենալով սեփական պետություն, և տրվելով օտարների սին խոստումներին, մենք չկարողացանք կազմակերպել մեր երկրի և ժողովրդի լիարժեք պաշտպանությունը, իսկ Ցեղասպանությունից և պատերազմից հետո էլ, կորցրեցինք մեր կորուստների դիմաց իրական հատուցում ստանալու եզակի պատմական հնարավորությունը։ Այսօր, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիան շարունակում է ոչ միայն մերժել Ցեղասպանության իրողությունը, այլև ուժային շանտաժի ենթարկել Հայաստանի Հանրապետությանը, ակնկալելով, որ այն կհրաժարվի հայ ազգի հավաքական իրավունքների համար պայքարից, և պատրաստ կլինի համակերպվել առկա իրողություններին։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է տրվի այդ ճնշումներին, և գործելով սփյուռքի հայության հիմնական կազմակերպված ուժերի հետ համատեղ, պետք է ստանձնի հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգման հավաքական պատասխանատվությունը։
Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձևավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ, որի հիմքում Ցեղասպանության անվերապահ ճանաչումն է, և դրա արդյունքում հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների համար Թուրքիայի Հանրապետության կողմից առարկայական հատուցման տրամադրումը։ Միայն այդպիսի հատուցումը կարող է հիմք հանդիսանալ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, ինչպես նաև Հայաստանի և Թուրքայի միջև միջպետական հարաբերությունների վերականգման համար։
Մինչ այդ, մենք շարունակում ենք սգալ մեր բազմահազար անմեղ զոհերին, և ոգեկոչում ենք նրանց հիշատակը՝ պայքարելու ուժ և տոկունություն տալու բոլոր ապրողներին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՕԿ. Ազգային շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու դեպքում պահանջել ենք իշխանությունների հրաժարականը
- ԱՕԿ փորձագետներ. Կառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն