1912-ի Ստոկհոլմի խաղերում վազորդ Վահրամ Փափազյանը գիտակցաբար պարտվել է, որպեսզի չծածանվի Թուրքիայի դրոշը
Այսօր լրանում է Հայոց եղեռնի 105-րդ տարելիցը: Զոհերի թվում եղել են նաև բազմաթիվ մարզիկներ, այդ թվում Շավարշ Քրիսյանը։ Նա համահայկական խաղերի նախագծի, «Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկն է եղել: Նրա և մարզիկներ Մկրտիչ Մկրյանի ու Վահրամ Փափազյանի մասին կարդում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում։
Քրիսյանը, հիրավի, հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական ֆուտբոլի «Բալտալիման» առաջին ակումբի հիմնադիրը: Նա եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախոո, լրագրող, օսմանյան կայսրությունում մարզական առաջին « Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը:
Հենց մեծ հայորդու ջանքերով, պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան պատվիրակություն է գործուղել օլիմպիական խաղեր: Դա 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5-րդ համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը գումար չի հատկացրել և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա է վերցրել հայկական համայնքը:
Շ. Քրիսյանն այն ժամանակ ասել է, որ «դեռևս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որևէ միջոցառման: Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն: Կարևորն այն է, որ մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ: Ժամանակն է, որ արդեն հակառակն ասեն, և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, ճանաչի մեզ և մեր նվաճումները»:
Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել։ 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրոշը: Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար:
1500 մ վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրյանը ճանաչվել է 5-րդը: Իսկ Փափազյանի մասին ճիշտ կլինի ներկայացնել հենց նրա թոռան պատմածը: Պապիկը բազմիցս պատմել է, որ վերջնագծի մատույցներում ինքը /պոլսահայ Փափազյանը/ գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը: Բայց գնահատելով այն հանգամանքը, որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը, ուստի Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել ետնապահների թվում:
Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրությունում սպորտի մեծ ջատագով Շավարշ Քրիսյանին, 1915-ի օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել են բերդից, տարել Անկարայից դուրս ու գնդակահարել: Այսպես են երախտամոռ օսմանները վարձահատույց եղել 29-ամյա հայ ականավոր գործչին:
(Վահրամ Փափազյան, V օլիմպիական խաղեր Ստոկհոլմում, «Մարմնամարզ», 1912
Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից)
(Մկրտիչ Մկրյան, Ստոկհոլմի V օլիմպիական խաղերի մասնակից, Ռոբերտ քոլեջ, «Մարմնամարզ», 5 հուլիսի, 1912
Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից)
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները