Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայոց ցեղասպանության միջոցառումներին չմասնակցելու հրահանգն ապակառուցողական է
Panorama.am-ի հարցազրույցը Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի հետ
Panorama.am - Պարոն Պոլյակով, Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը։ Դուք, որպես Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի հեղինակ, որքանո՞վ եք հավանական համարում բանաձևի ընդունումը Գերագույն Ռադայում։
Անտոն Պոլյակով- Առաջին հերթին կցանկանայի հղել իմ ցավակցությունները և, միևնույն ժամանակ, իմ սատարումը՝ կապված այս տխուր օրվա՝ ապրիլի 24-ի հետ, որը խորհրդանշում է մեծ կորուստ ամբողջ հայ ժողովրդի համար:
Համոզված եմ, որ մեր երկրները, միասին, պետք է ամեն ինչ անեն՝ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցավոր գործողությունները դատապարտելու համար, որից տուժել է ինչպես հայ, այնպես էլ ուկրաինացի ժողովուրդը:
Այդ է պատճառը, որ ես աջակցեցի «Երկու ազգ. մեկ հիշողություն» ակցիան, որն անցկացվում է Ուկրաինայում և նպատակ ունի ցույց տալ մեր ժողովուրդների միասնությունը:
Վերջապես պետք է ընդունել, որ մենք, միասին, պետք է անցյալի մասին լուրջ հանրային քննարկումներ անենք նրա համար, որ կանխենք ապագայում նման ողբերգությունների կրկնության հնարավորությունը:
Այդ իսկ պատճառով ես առավելագույն ջանքեր եմ գործադրում ուկրաինական պառլամենտում Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ-ների Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Հուսով եմ, որ իմ փորձերը կյանքի կկոչվեն:
Ուկրաինայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, այժմ կորոնավիրուսի համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով շատ ծանր իրավիճակ է, հետևաբար, ցավոք, չեմ կարող ասել ձեզ այն ճշգրիտ ամսաթիվը, երբ խորհրդարանը պատրաստ կլինի քննարկել այս հարցը: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ:
Panorama.am- Նախօրեից համացանցում տարածվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նամակը, որում պաշտոնյաներին խորհուրդ է տրվում չմասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին ու չօգտագործել ցեղասպանություն եզրույթը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։
Անտոն Պոլյակով- Ես՝ որպես Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի հարցով խմբի անդամ, դեռ նախօրեին հրապարակավ գնահատական եմ տվել այդպիսի գործողություններին, անվանելով դրանք ապակառուցողական և ոչ պրոֆեսիոնալ՝ մեր արտաքին գործերի նախարարության առանձին ներկայացուցիչների կողմից։ Դա մեծ սխալ է՝ անհասկանալի կլիշե դնել այն երկրների նկատմամբ, որոնց հետ մենք ավանդաբար կապված ենք պատմական բարեկամության կապերով:
Ուկրաինայում ապրում են մեծ թվով սփյուռքահայեր, որի ներկայացուցիչները մեծ ներդրում են կատարում մեր պետության զարգացման գործում: Այս բնույթի հրահանգներ կայացնելը կոռեկտ չէ՝ առաջին հերթին հենց նրանց նկատմամբ։
Հուսով եմ, որ միջպետական մակարդակում մենք կկարողանանք կարգավորել բոլոր բացասական պահերը և ակտիվացնել հետագա համագործակցությունը։
Panorama.am - Պարոն Պոլյակով, հայ-ուկրաինական հարաբերությունները բարդացել են 2014 թ-ից։ Սակայն, եթե խնդիրը հակամարտությունների վերաբերյալ դիրքորոշումներն են, ապա կան երկրներ, որոնց հետ և՛ Հայաստանը, և՛ Ուկրաինան այս հարցում ունեն տարաձայնություններ, սակայն հարաբերությունների բարձր մակարդակը պահպանվում է։ Ի՞նչն է խանգարում Հայաստանին ու Ուկրաինային զարգացնել երկու ժողովուրդների բարեկամությանը համահունչ քաղաքական հարաբերություններ։
Անտոն Պոլյակով- Ես կարծում եմ, որ բոլոր տեսակի քաղաքական կոնյուկտուրաները պետք է
տեղը զիջեն ողջամտությանը և տնտեսական շահերին: Մեզ միավորում է համագործակցության երկար պատմությունը, որը պետք է զարգացնել:
Մենք Ուկրաինայում բարձր ենք գնահատում այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկում է սեփական տնտեսության արդիականացման և կենսական կարևոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ուկրաինան այժմ նույնպես փորձում է շարժվել բարեփոխումների ճանապարհով, հասարակության մեջ կա մեծ պահանջ:
Այո, կան շատ դժվարություններ, բայց մենք դրանք անպայման կհաղթահարենք: Համոզված եմ, որ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ներուժը շատ մեծ է, և մեր պատականությունն է՝ որպես քաղաքական գործիչներ, այն առավելագույնս զարգացնել:
Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին