Երիտասարդ հայ գիտաշխատողները, գիշեր-ցերեկ աշխատելով, պատրաստել են 20 օզոնատոր
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) գիտաշխատողները պատրաստել են 20 օզոնատոր, որոնք առողջապահության նախարարության ցուցումով կհամալրեն հայաստանյան բժշկական կենտրոնները։ Օզոնատորը նախատեսված է փակ տարածքների, բժշկական սարքավորումների, ինչպես նաև գործիքների, արտահագուստի և դիմակների ախտահանման համար։
Հոսանքին միացված օզոնատորը, ըստ էության, վարակազերծում է օդը։ Օզոնն ինքնին վտանգավոր եռատոմ մոլեկուլ է, որը, սակայն, 30 րոպեում վերանում է՝ վերացնելով նաև մանրէներն ու վիրուսները։
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանն ասաց, որ իրենք հիմնականում զբաղվում են ֆունդամենտալ գիտությամբ, ունեն տարբեր գաղափարներ, որոնք պետք է փորձեն իրագործել ապագայում։ Սակայն, հաշվի առնելով արտակարգ դրությունը, կորոնավիրուսի դեմ պայքարը, նրա խոսքով, որոշեցին փորձել իրենց հնարավորության սահմաններում օգնել Հայաստանին և առաջարկել են պատրաստել օզոնատորներ։
«Ամերիկայում մի բժիշկ կա, ինձ մեյլ ուղարկեց ու ասաց, որ իր մորեղբայրը Հայաստանում ժամանակին օզոնատոր է պատրաստել, կարող եք իր հետ խոսել։ Ես փնտրեցի ու գտա նրա մորեղբորը, աշխատել է այստեղ, 90-ականներին օզոնատոր է պատրաստել։ Նրա հետ կապ հաստատեցի, եկավ լաբորատորիա, ցույց տվեց իր պատրաստածը։ Հրավիրեցի մեր երիտասարդ ֆիզիկոս-ինժեներներին, նայեցինք, մտածեցինք, որ նույն ձևով չենք կարող անել, այն ապակուց էր, խողովակներ ուներ։ Բավականին նոր դիզայն արեցինք, թեստավորեցինք։ Երեք օրում պատրաստեցինք, առողջապահության նախարարությունից եկան, նայեցին, հավանեցին, ասացին իրենց համար 20 հատ պատրաստենք։ Մեկուկես շաբաթում, գիշեր-ցերեկ աշխատելով, մեր երիտասարդ ֆիզիկոս-ինժեներները պատրաստեցին 20 հատ օզոնատոր։ Բավականին ուժեղ են, լավ են աշխատում, լավ տեսք ունեն»,- իրենց նախաձեռնությունից մանրամասներ հայտնեց Անի Ապրահամյանը։
Նա նշեց, որ իրենք դրանք հանձնել են առողջապահության նախարարությանը, որն էլ պետք է որոշի, թե ում բաժանի, ինչպես օգտագործեն։ Կազմվել է նաև սարքի տեխնիկական նկարագիրը։
Գիտական լաբորատորիայի տնօրենն ասաց, որ իրենք սկզբում ցանկացել էին ուղղակի ծառայություն մատուցել, օգտվել են հիմնականում իրենց մոտ ունեցած նյութերից, սակայն անհրաժեշտություն է եղել ձեռք բերել նաև այնպիսի նյութեր, որոնք իրենց լաբորատորիայում չեն եղել։ Այդ նյութերի ձեռքբերման համար առողջապահության նախարարությունը, նրա խոսքով, իրենց փոխանցել է 880 հազար դրամ։
Ա. Ապրահամյանն ասաց, որ եթե ցանկանան արտադրության անցնել, արդեն կմտածեն գնի մասին։
«Ինձ շատ զարմացրեց այն, որ շատ մարդիկ սկսել են հետաքրքրվել այս սարքով, շատերն են ուզում ձեռք բերել, հիմնականում արտադրությամբ զբաղվող մարդիկ՝ կոշիկ, դիմակ։ Ճիշտն ասած՝ դեռ չենք որոշել արտադրության հետ կապված»,- նշեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան