Արթուր Վանեցյանը հավակնում է ներքաղաքական լուրջ բևեռ դառնալ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրել է.
«Կորոնավիրուսն ավելի ցցուն դարձրեց «նոր Հայաստանի» իշխանությունների իրականությունից կտրվածությունն ու բացարձակ անճարակությունը՝ ռեալ թայմ կառավարման մեջ:
Վաղուց նորություն չէ, որ քաղաքականությունը ոչ միայն ձևավորվում, այլև իրականացվում է սոցցանցերում գրառումների և ուղիղ եթերների՝ լայվերի ռեժիմով՝ իջեցվելով ոչ միայն պարզունակության, այլև գռեհկության աննախադեպ աստիճանի: Ցավոք, դա ոչ միայն սովորական է դարձել, այլև պահանջարկված որոշակի շրջանակներում, որ հավակնում են իրենց ներկայացնելու միակ հայրենասերներ: Այդ մակարդակին դիվանագիտությունն իջեցնելու փորձերը արդեն ցույց են տալիս իրենց հետևանքները: Հայաստանի ու Արցախի անվտանգությունը չի կարող ստատուս-քոմենտ-լայք տիրույթում դիտարկվել: Իշխանության մեջ սակավաթիվ ողջամիտ ու մտածող մարդիկ պարտավոր են դա բարձրաձայնել: Եվ ոչ միայն նրանք:
Ներքին ու արտաքին քաղաքականության մեջ դադարի մասին առաջինը խոսել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով կշռադատված ու հավասարակշռված քայլերի անհրաժեշտության մասին մտածել: Թեպետ պատասխանը եղավ նրա հրաժարականը, բայց սա այն դեպքն էր, որ վերջը նոր սկիզբ է դառնում:
Պատահական չէր, որ Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականություն մտնել՝ ստեղծելով կուսակցություն, որի համագումարը արդեն կարող էր հրավիրված լինել, եթե կորոնավարակը չխանգարեր: Նա միանգամայն իրավացիորեն ու փաստարկված ասում էր, որ իշխանության որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, ընթացիկը մնայունից չտարբերելու գործելաոճը ոչ միայն պետականաշինության տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլև սպառնալիք են պետությանը՝ անվտանգության տեսանկյունից:
Ակնհայտ է, որ այսօր հայ հասարակությունն ու քաղաքական ասպարեզը կարիք ունեն նոր ու սթափ ուժի, որը չի գալիս անցյալից և խնդիր է դնում հավասարակշիռ ու արդյունավետ, կյանքից չկտրված քաղաքականությունը օրակարգ վերադարձնելը, որը կարող է և պատրաստ է ստանձնել պատասխանատվություն:
Մեծ քաղաքականություն մտնելու իր առաջին հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանն արդեն հավակնում է ներքաղաքական լուրջ բևեռ դառնալու. աստիճանաբար նրա շուրջը հավաքվում են մտածող մարդիկ, որ բոլոր հնարավորություններն ունեն հանրության մտածող հատվածին ներկայանալու իբրև ուժեղ և պատասխանատու քաղաքական նոր թիմ՝ իրենց ծրագրերով ու այդ ծրագրերի իրականացման ռեալ հնարավորություններով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան