Մայր Աթոռի արխիվում պահվող բացառիկ լուսանկար
Սուրբ Էջմիածնի Թանգարանների ֆեյսբուքյան էջում առաջին անգամ հրապարակվել է Մայր Աթոռի Արխիվում պահվող բացառիկ լուսանկար:
«25 օգոստոսի, 1915 թ., Մայր Աթոռ.
Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով»,- նշված է նկարին ուղեկցող գրությունում:
Սուրբ Էջմիածնի Թանգարանների ֆեյսբուքյան նաև կարդում ենք.
«ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԶՈՀԸ
Շարադրում է Մայր Աթոռի Արխիվի
և Թանգարանների տնօրեն
Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը.
«1915 թ. սկզբից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածվել էր գաղթականաց կղզյակի...
Մայր Աթոռի գրեթե բոլոր շենքերն ու շինություններն ի սպաս էին դրվել եղեռնահար ժողովրդյան:
Մայր Աթոռի ողջ միաբանությունը՝ գլխավորությամբ երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տիտանական ջանքեր էր գործադրում նյութական միջոցներ, պարեն, հագուստեղեն և կենցաղական պարագաներ ապահովելու համար…
Հայոց Հայրապետը և Սբ Էջմիածնի միաբանությունը կատաղի պայքար էին մղում մահվան ու համաճարակների դեմ, որպեսզի փրկեին կյանքը հայ մարդու և հայ որբուկի...
Ի շարս այլևայլ տնօրինությանց՝ Հայոց Հայրապետն ստեղծում է նաև «Որբախնամ մարմին», որի ղեկավար է կարգում «Արարատ» ամսագրի խմբագիր, Սինոդի անդամ Տ. Բաբկեն վարդապետ Աղավելյանին: Վերջինս իրեն հանձնված հույժ պատասխանատու ծառայությունը կյանքի է կոչում ամենայն նախանձախնդրությամբ՝ աջակից ունենալով որբանոցի կառավարչուհուն և մի քանի գթության քույրերի:
Որբանոցի էին վերածվել Գևորգյան ճեմարանի ննջարանային մասնաշենքը, Մանկավարժական թանգարան-վարժոցը: Իսկ Ճեմարանը դարձել էր մանկական հիվանդանոց՝ 150 մահճակալով…
1915 թ. դեկտեմբերի սկզբին Վաղարշապատ գյուղում բծավոր տիֆ է բռնկում: Սուր վարակիչ հիվանդությունը ներխուժում է նաև Մայր Աթոռի Որբանոց, սակայն հնարավոր է լինում փրկել որբուկների կյանքը. «…Յանկարծ, դեկտ. սկիզբներին Որբանոցի մէջ երևեցաւ 3-4 դէպք բծաւոր տիֆի: Թեև նոցա ուժեղ և մանկական հասակին միայն յատուկ մարմնակազմի շնորհիւ մահացութեան դէպք չեղաւ» («Արարատ», 1915, ԺԱ.-ԺԲ., էջ 848):
Այդուհանդերձ Որբանոցը զոհ է ունենում. 1916 թ. հունվարի 3-ին բծավոր տիֆից մահանում է Որբախնամ մարմնի ընդհանուր կառավարիչը՝ 47-ամյա Տ. Բաբկեն վարդապետ Աղավելյանը:
Վշտալի Տ. Տ. Գևորգ Ե. Վեհափառ Հայրապետը կորցնում է իր հոգևորական զավակներից մեկին...
Աղոթք, խունկ և օրհնություն անձնազոհ Վարդապետի լույս հիշատակին»: