Փարիզի քաղաքապետ․ Շարունակել պայքարել, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայող ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ֆրանսահայերին ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդին (CCAF)։ Այս մասին գրում է «Նուվել դ՛Արմենի»-ն։
Փարիզի քաղաքապետը նշում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչումը տեղի է ունենում առողջապահական արտակարգ իրավիճակների կողմից պարտադրված սահմանափակման բացառիկ պայմաններում: Այդ պատճառով էլ չեղարկվել է Փարիզի քաղաքապետարանում ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող ընդունելությունը։
Անն Իդալգոն նշում է, որ սահմանափակումների պատճառով զոհերի հիշատակը կհարգեն Կոմիտասի արձանի մոտ քիչ թվով մարդկանցով ծաղկեպսակ դնելով, որին կմասնակցի նաև ինքը։
«Եթե այս տարի մենք չենք կարող պատշաճ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերին, ապա մենք դեռ պետք է հիշենք նրանց՝ Հիշատակման այս ազգային օրը։ մենք նրանց պարտական ենք՝ շարունակել պայքարը պատմական ճշմարտության համար, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում, իսկ մեր երկրում՝ մինչև ժխտողականության քրեականացում»,-ասում է Անն Իդալգոն։
Իդալգոն կոչ է անում աջակցել ու տարածելու CCAF-ի կողմից սոցիալական ցանցերում սկսված տեղեկատվական և իրազեկման արշավը`«Ես մնում եմ տանը, բայց ես մոբիլիզացված եմ»:
«Մնանք մեր տանը։ Մեր առողջությունը, ձեր առողջությունը բացարձակ առաջնային են: Բայց եկեք հավատարիմ մնանք հիշատակին, անկախ նրանից, թե ինչ դժվարություններ են այստեղ Փարիզում, ինչպես նաև Հայաստանում և Արցախում, որը, ես գիտեմ, շատ տուժել է համաճարակից:
Համոզված ենք, որ հաջորդ տարի մենք կլինենք հիշատակի հանդիպմանը նորմալ պայմաններում: Մինչ այդ, հոգ տարեք Ձեր մասին»,-ասում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: