Եվգենի Կիսին. Շարունակել ամեն ինչ անել, որպեսզի աշխարհում ավելի շատ մարդ իմանա ու հիշի Հայոց ցեղասպանության մասին
Մեր օրերի մեծագույն դաշնակահար Եվգենի Կիսինի կարծիքով, պետք է շարունակել ամեն ինչ անել, որպեսզի աշխարհում ավելի շատ մարդ իմանա ու հիշի Հայոց ցեղասպանության մասին։
«Իսկ ես միշտ ձեզ հետ եմ»,-«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ տեսակապի միջոցով ճեպազրույցի ժամանակ ասել է դաշնակահարը։
Նա պատմել է, որ եղել է Հայաստանում, երբ դեռ երեխա է եղել, այս երկիրը տեսել է իր աչքերով, զգաեցել ու սիրել է, երիտասարդ տարիներից շփվում է հայերի հետ։
«Այդ երկիրն արժանի է, որ զարգանա, բարգավաճի, ամբողջ աշխարհից շատ մարդիկ գան, ակտիվ համերգային կյանք լինի»,- ասել Ե.Կիսինը։
Ս. Հովհաննիսյանը հայտնել է, որ հաջորդ տարվա հոկտեմբերին սպասում են Եվգենի Կիսինին Հայաստանում։
Նշենք, որ դեռ 2015 թվականին «Նյու Յորք Թայմս» պարբերականի հետ հարցազրույցում Եվգենի Կիսինը հայտարարել է, որ Թուրքիայում ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը 1915-ին հայերի դեմ իրականացրած զանգվածային սպանությունները չի ընդունել որպես Ցեղասպանություն:
«Եա անձամբ կարծում եմ, որ այդ երկրներում ապրող մարդիկ պետք է իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են հանդես գալ այնտեղ, քանի որ զարհուրում են՝ թե ինչ են անում իրենց ղեկավարները: Դա ինտելեկտուալ մարդկանց կդարձնի ավելի տեղեկացված»,-ասել է Կիսինը:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց լեզուն հայ ճարտարապետության նման է՝ գեղեցիկ ու դաժան. Եվգենի Կիսին
- Եվգենի Կիսին. Թուրքիայում ելույթ չեմ ունենա
- Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի