Ամեն ընտանիքին տալ 100 հազար դրամ, թոշակառուներին էլ՝ հավելյալ թոշակ. Էդմոն Մարուքյանի առաջարկը
«Այսօր մենք կառավարությանն առաջարկում ենք 50 մլրդ դրամը բաժանել 500 հազար ընտանիքի, յուրաքանչյուր ընտանիքին՝ 100 հազար դրամ»,- այսօր տեսաուղերձում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորն այդ հայտարարությունն անում է, քանի որ գիտի՝ Հայաստանն այս ճգնաժամ է մտել համապատասխան խնայողություններով և գանձապետական հաշվում 300 մլրդ դրամից ավելի փող կա:
Մարուքյանն առաջարկում է մայիսին ծախսել 100 մլրդ դրամը:
Ըստ պատգամավորի, մինչ այս Հայաստանը մոտ 30 մլրդ դրամ է ծախսել, բայց ընտանիքներ կան, որ խորը ճգնաժամի մեջ են՝ վարձով ապրողներին իրենց բնակարաններից են դուրս հանում, արտագնա աշխատողները չեն կարող գնալ աշխատանքի և սովի են մատնված, որովհետև որևէ եկամուտ չունեն:
Մարուքյանը գտնում է, որ աշխարհում ամենալավ տարբերակը, դա մարդկանց տնետուն փող բաժանելն է, որի արդյունքում տնտեսություն էլ կշնչի:
«Սիրելի Կառավարություն, վարչապետ, եկեք որոշենք թե ում չենք աջակցում, այն ավելի հեշտ է, որովհետև մեր պետական ինստիտուտները չուննեն վիճակագրություն»,- հայտարարեց Մարուքյանը և նշեց, որ պետք չէ աջակցել պետական համակարգի աշխատողներին՝ սկսած իրենցից: Աջակցություն ստացողների ցանկից նա առաջարկում է հանել նաև խոշոր ընկերությունների և բանկային համակարգի աշխատակիցներին:
Էդմոն Մարուքյանի հաշվարկներով ստացվում է, որ Հայաստանում առկա 650 հազար ընտանիքներից այս ձևով հանվում է վերոհիշյալ 160 հազար ընտանիքը և մնում է 500 հազար ընտանիք, ում էլ պետք է բաժանել այդ գումարները:
Նկատելով, որ100-հազարական բաշխելու համար պետք կգա 50 մլրդ դրամ՝ պատգամավորն առաջարկեց մյուս 50 մլրդ դրամից հատկացնել 470 հազար թոշակառուի կրկնակի թոշակ տալու համար, իսկ մնացած գումարներով էլ աջակցություն ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին:
Վերջում նա առաջարկեց այս գաղափարի աջակիցներին համախմբվել, իր տեսաուղերձի տակ գրել այդ մասին և այն տարածել:
«Որքան արագ աջակիցների բանակ հավաքվի, այնքան արագ կառավարությունը չի ընկնի հերթական 16, 17, 18, 19, 20-րդ ծրագրի մշակման գործին: Մեր ծրագրի անունն էլ կլինի «Ամեն ընտանիքին տալ 100 հազար դրամ, իսկ թոշակառուներին էլ տալ մեկ հավելյալ թոշակ»: Միասին լոբբինգ անենք, որ ժողովրդի կուտակած փողը ծախսվի ժողովրդի վրա այս նեղ օրերին»,- հասարակությանը դիմեց Էդմոն Մարուքյանը: