Գործատուն թելադրողի դերում է հանդես գալիս, և դրանից օգտվելով չարաշահումներ է իրականացնում. Թաթոյան
«Դեպքեր կան, երբ սոցիալական աջակցության տրամադրման ժամանակ համակարգի աշխատակիցները սպառնալիք են հնչեցնում քաղաքացիների նկատմամբ, այդ մասին ՄԻՊ զեկույցում նշված է»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի 2019 թվականի գործունեությունը։
Նրա խոսքով, սոցիալական աջակցության ոլորտում սուբյեկտիվ գործոնը չափազանց մեծ է, ինչն էլ հանգեցնում է չարաշահումների։
Ա. Թաթոյանը հայտնեց, որ աշխատանքային իրավունքների ոլորտում ևս բավականին շատ են խնդիրները։ Առաջնահերթ խնդիրը կապված է իրազեկման պակասի և անկախ արտադատական մարմնի բացակայության հետ, այսինքն՝ չկա օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող արտադատական մարմին, և մարդիկ ստիպված ընտրում են միակ եղանակը՝ դատարան դիմել։
«Բայց այդ դեպքում էլ մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ, դատավարությունը տարիներով ձգվում է։ Դրանով է պայմանվորված նաև, որ ՍԴ դիմում եմ հասցեագրել և նշել, որ տարիներով դատական գործերը ձգվում են, դրանից տուժում և մեծ վնասներ է կրում քաղաքացին, իսկ օրինակ դատավորի համար դա ոչ մի հետևանք չի առաջացնում։ Ինչո՞ւ պիտի դատավորի համար ոչ մի հետևանք չառաջանա, երբ նա տարիներով ձգում է դատական գործը»,- ասաց նա։
Ա. Թաթոյանը տեղեկացրեց, որ հայաստանյան շուկայում գործատուն թելադրողի դերում է հանդես գալիս, և դրանից օգտվելով նաև չարաշահումներ է իրականացնում։ Որպես օրինակ, պաշտպանը նշեց՝ գործատուները աշխատանքից ազատվող աշխատկիցների վերջնահաշվարկներ չեն տրամադրում, աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում, առանց աշխատողների համաձայնության գործատուներն այլ աշխատանքի են նրանց տեղափոխում և այլն։
«Այս դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մարդու աշխատավարձի չափին՝ հատկապես մասնավոր ոլորտում, ՄԻՊ-ի լիազորորություններն սահմանափակ են։ Օրինակ՝ նախորդ տարի Գյումրիում մի մասնավոր ընկերություն կար, որտեղ աշխատողների աշխատավարձերի հետ կապված խնդիր կար, բայց այդպես էլ աշխատանքի և առողջապահության տեսչությունը ոչինչ չկարողացավ անել»,- շեշտեց Ա. Թաթոյանը։
Անդրադառնալով առողջության պահպանման խնդրին՝ պաշտպանը նշեց, որ բժշկական գաղտնիքի պահպանման հետ կապված խնդիր կա, և դա անվերահսկելի ձևով կարող է խախտվել.
«Դրան կարող է նպաստել բժշկի ոչ պատշաճ լինելը, կամ լրագրողների աշխատանքների արդյունքում, կամ երբ քաղաքացին ինքն է հրապարակում այդ ինֆորմացիան։ Այստեղ՝ առողջության պահպանման ոլորտում կարևոր է նաև բուժաշխատողների վարձատրության խնդիրը»։
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև խոսքի ազատության հետ կապված խնդիրներին։ Նրա խոսքով, խոսքի ազատության մասին խոսելիս, առաջին հերթին պետք է նշել համացանցում հնչող վիրավորանքն ու ատելությունը։
«Վիճակն իսկապես մտահոգիչ է, հատկապես կեղծ օգտատերերի կողմից ագրեսիան մեծ է և գրեթե չկա առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ։ Եվ մտահոգիչ է, որ ատելության խոսքը երբեմն համացանցից տեղափոխվում է իրական կյանք։ Նման դեպք մենք ինքներս էլ տեսանք, երբ այս իրադարձությունների հետ կապված՝ մի կնոջ նկատմամբ քաղաքացին ծաղրական տեսանյութ էր հրապարակել, այդ կնոջ հարազատներն էլ գնացել էին հաշիվ մաքրելու։ Սա շատ վտանգավոր երևույթ է»,-ասաց Ա. Թաթոյանը։
Նա շեշտեց, որ պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն, իրավական պետությունը դրա համար է գործում.
«Ինքնադատաստան տեսնելը շատ վտանգավոր երևույթ է, որ պետք է երբևէ թույլ չտանք կյանքում։ Նմանատիպ խնդիր կա նաև լրագրողների հետ կապված, երբ նրանց նույնացնում են այն մարդու հետ, ումից լրագրողը հարցազրույց է վերցրել։ Այս դեպքում հաճախ թիրախավորում են լրագրողներին։ Լրագրողների աշխատանքի հետ կապված կան նաև կարծրատիպեր, թե նրանք խոչընդոտում են որևէ կառույցի աշխատանքին։ Այո, դրանք կարծրատիպեր են, և պետք է ելնել այն կանխավարկածից, որ լրագրողն օգնում է աշխատանքին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան